Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղում սկսվել է նոր ճանապարհի շինարարությունը, որն անցնելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի տակով։ Դադեշ գյուղի բնակիչներն անհանգստացած են, նրանք կարծում են, որ ճանապարհը կսահմանափակի իրենց տեղաշարժը: Նրանք համաձայնել են շինարարությանը, սակայն ասում են, որ չեն օգտվի նոր ճանապարհից, եթե այն չհամապատասխանի բոլոր չափանիշներին:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անցնում է Դադեշ գյուղի ճանապարհով, որը չի օգտագործվի, երբ երկաթգիծը սկսի աշխատել ամբողջ հզորությամբ։ Արդեն երկար տարիներ Դադեշ գյուղի բնակիչների և «Մարաբդա-Ախալքալաք երկաթուղի» ընկերության միջև վեճ է ընթանում։ Երկաթուղին գյուղի ճանապարհի համար այլ տեղ է հատկացրել, ինչը բնակիչներին դուր չի գալիս։ Այն պետք է անցնի երկաթգծի տակով և գտնվում է այժմյան ճանապարհից մոտ 200 մետր հեռավորության վրա։
Մի քանի տարի առաջ Դադեշ գյուղի բնակիչները թույլ չտվեցին նոր ճանապարհ կառուցել։ Այս գարնանը բնակիչների հետ երկար բանակցություններից հետո, այնուամենայնիվ, նոր ճանապարհի շինարարությունը սկսվեց։
«Ինչու փակենք մեր ճանապարհը, թող ուղեփակոց դնեն, և մենք կանցնենք երկաթգծի վրայով։ Ձմռանն այնտեղով (խմբ՝ նոր ճանապարհով) հնարավոր չի շարժվել, ձյունով կծածկվի։ Կամուրջի տակով մեքենաների տեղաշարժը մեզ հարմաը չէ, մենք ասում ենք, մեզ չեն լսում»,- ասաց Դադեշ գյուղի բնակիչներից մեկը։
Ըստ բնակիչների, սակայն, խնդիրը միայն ձմեռն ու ձյունը չէ։
«Ամռանը գյուղացիները չեն կարողանա խոտով բեռնված մեքենան անցկացնել այս ճանապարհով։ Բարձրությունը ընդամենը 4 մ է, սա շատ ցածր է, բեռնված մեքենաներն ու կոմբայնները չեն կարողանա երթևեկել այդ ճանապարհով։ Մենք ասացինք, որ ձեր ճանապարհը չի համապատասխանում մեր պահանջներին, նրանք անցյալ տարի եկան ու խոստացան, որ լայն, բարձր ճանապարհ կկառուցեն։ Բնակիչները զիջեցին, ու իրենք անում են, ինչպես իրենք էին ուզում»,- ասում է Աշոտ Դուրգանյանը։
Երկաթուղին անցնում է Աշոտ Դուրգանյանի դաշտով եւ դաշտի երկրորդ կեսում աշխատելու համար նա պետք է 2 կմ շրջանցի։
Այս տարի ընկերությունը սկսել է նաև անասունների անցումի կառուցումը, որը նույնպես չի բավարարում բնակիչների պահանջներին, ինչպես պարզաբանում են նրանք։
«Երեկ ես էի գյուղի հովիվը, մինչև անասուններն անցան երկաթգծով, ես տանջվում էի, անասունների կեսն անցնում է երկաթգծի տակով, կեսը՝ ռելսերի վրայով, այդ պահերին հովիվն օգնության կարիք ունի, նա մենակ չի կարող կառավարել իրավիճակը»,- ասում է Հմայակ Սիմոնյանը:
Բնակիչներն ասում են, որ բողոքի կամ դեմ լինելու դեպքում, ընկերության աշխատակիցները սպառնում են, որ ոստիկանություն կկանչեն։
Դադեշում քաղաքապետի ներկայացուցիչ Էդգար Թովմասյանն ասաց, որ գյուղի համար նոր ճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվել են գարնանը, և մինչև բոլոր չափանիշներին համապատասխանող ճանապարհ չկառուցվի, իրենք կշարժվեն հին ճանապարհով՝ երկաթգծի ռելսերի վրայով։
«Հողային աշխատանքներ են ընթանում, հողը հանվել է, ճանապարհին եղած ցանկապատերը հանվել են, որոնք մեզ խանգարում էին, պաշտպանիչ վահանների տեղերը նշվել է։ Մենք չկարողացանք համաձայնության գալ ուղեփակոց տեղադրելու հարցում, մենք այդ դեպքում կանցնեինք երկաթգծով։ Ասում են, որ ըստ նախագծի Կարծախից դեպի Ղուլալիս գյուղ, երկաթուղային գծերի ռելսերով ճանապարհ չկա, դրանք անցնում են կամ ռելսերի տակով, կամ էլ վերևով կառուցված կամրջով։ Խոստացել են, որ մինչև մեզ համար լավ ճանապարհ չկառուցեն, հինը չեն փակի, որ հիմա օգտագործում ենք։ Ճանապարհը պետք է այնպես սարքել, որ ձմռանը ձյունով չծածկվի: Այդ մասին դեռ վերջնական տեղեկություն չունենք, բայց գարնան գալու հետ մեկտեղ տեխնիկան աշխատում է»,- ասաց Էդգար Թովմասյանը։
Այս թեմայի շուրջ կարդացեք նաև.
Երկաթուղին փակուղի է մտցնում դադեշցիներին
Բաքու-Թբիլիսի-Կարսը միայն անհարմարություն է պատճառում Դադեշի բնակիչներին
Գումարը հատկացված է, սակայն Դադեշի ճանապարհի ամբողջական վերականգնումը չի հաջողվի իրականացնել
Դեպի Դադեշ տանող ճանապարհը կառուցված է, բայց նախատեսվածից 300 մ քիչ