Ախալքալաքից 18 կմ հեռավորության վրա, Մերենիա գյուղում երիտասարդությունը զբաղմունքի տեղ չունի: Նրանք բողոքում են կյանքից, բայց չեն էլ լքում իրենց հայրենի գյուղը, մեկնում են արտագնա աշխատանքի և վերադառնում իրենց ընտանիքներն այն հույսով, որ գյուղում կյանքն աստիճանաբար կբարելավվի:

Գյուղ տանող ճանապարհին, դաշտերում ամենուր հողագործներ են: Սկսվում է գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանը: Գյուղում մարդիկ շատ քիչ են, հիմնականում տարեց մարդիկ, կանայք և անչափահասներ: Աշխատանքային տարիքի տղամարդիկ հիմնականում մեկնել են արտագնա աշխատանքի:

мереня

Այստեղ պատմում են, որ կար ժամանակ, երբ գյուղն ուներ 240 տնային տնտեսություն, հիմա մնացել է 180: Թադևոս Առաքելյանը պատրաստվում է մեկնել արտագնա աշխատանքի, մինչ ամառ տանը մնացել է տնային աշխատանքների համար:

«Աշխատանք չկա, զբաղմունք չկա: Չգիտես ինչով զբաղվես: Մենք դիմել էինք քաղաք, որ դպրոցական մարզադահլիճը մարզական գույքով ապահովեն, որպեսզի գոնե ձմռան ամիսներին ինչ-որ բանով զբաղվենք: Խոստացան, բայց արդեն 6 ամիս անցել է, ոչինչ չկա: Ես օրերս մեկնում եմ Ռուսաստան, մնամ ինչ անեմ, որտեղ աշխատեմ »,- ասում է Թադևոս Առաքելյանը:

Դպրոցի տնօրենը, ըստ գյուղացիների, համաձայն է, որ դպրոցի մարզադահլիճը երիտասարդներն օգտագործեն սպորտով զբաղվելու համար, միայն համապատասխան կահավորում չկա: Երբ կլինի դեռ պարզ չէ: Ախալքալաքի շրջանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, տարբեր գյուղերից նրանց դիմել են մարզական գույքի համար: Քաղաքապետարանը դիմել է Սպորտի և երիտասարդության նախարարությանը սպորտային գույք ուղարկելու խնդրանքով, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք:

Սակայն դպրոցի տնօրենի հավաստմամբ երիտասարդներն իրեն նման հարցով չեն դիմել, ու նա դեռ չի կարող ասել կտրամադրի մարզադահլիճը թե ոչ:

«Մենք խնդրեցինք սպորտային գույք տրամադրել: Մենք երկու գյուղի անուն ենք գրել, բայց շատ գույք ենք խնդրել, ուստի եթե ուղարկեն, մենք կարող ենք բաժանել այն տարբեր գյուղերի, որտեղ դպրոցներում կան սպորտ դահլիճներ և տնօրենները դեմ չեն տրամադրել դրանք երիտասարդներին: Թող Մերենիա գյուղի լիազորը մեզ նամակով դիմի, մենք կքննարկենք նրանց դիմումը և հաշվի կառնենք », – ասաց Վալերի Ստելմաշովը:

Նա նաև հավելեց, որ միաժամանակ դիմել են Ախալքալաքի Շրջանային ժողով (Սակրեբուլո) գյուղերում սպորտային գույք ձեռք բերելու թույլտվության համար, որտեղ դպրոցներն ունեն սպորտային դահլիճ: Այնտեղ նույնպես դեռ չի քննարկվել այս հարցը:

Մերենիայում բողոքում են ոչ միայն սպորտային գույքի բացակայությունից:

«Ոռոգման ջուր չկա, խմելու ջուրը չի քլորացվում, խմելու ջրի նոր գիծը լրիվությամբ չի կառուցված, խողովակներում ճնշում չկա: Ճանապարհները վատ են, կարտոֆիլը չի վաճառվում: Ամեն ինչ վատ է: Ահա, ինչ անենք մենք: Բոլոր մթերքները թանկանում են, իսկ մեր կարտոֆիլը 10 թեթրի է: 1 կգ լոլիկի համար մենք վճարում ենք 1 կգ պանիր, 1 կգ ծիրանի համար տալիս ենք մեկ պարկ կարտոֆիլ », – ասում է Մանարյան Վիտալիկը:

Ոմանք դժգոհում են, որ գյուղը մեծ է, բայց վատ է լուսավորված:
«Երկու տարի առաջ լուսավորություն էր անցկացվել, տեղադրել էին 16 սյուն, բայց դա բավարար չէ: Գոնե մի քիչ ավելացնեն », – ասաց մի երիտասարդ:

Այս տարի քաղաքապետարանը պետական բյուջեից և 5% -ը տեղական բյուջեից ֆինանսավորմամբ գյուղերում և քաղաքում լուսավորություն է անցկացնում: Մերենիա գյուղում նախատեսվում է ավելացնել արտաքին լուսավորման 10 սյուն: Տենդեր-մրցույթը հաղթել է «Տաբոլի» ընկերությունը: Աշխատանքները սկսվել են մայիսին և կավարտվեն օգոստոսի 23-ին:

Մերենիա գյուղում մարդիկ միշտ զբաղվել են գյուղատնտեսութամբ և անասնաբուծությամբ, սակայն, ըստ գյուղացիների, վերջին տարիներին շատերն արդեն զբաղվում են միայն անասնաբուծությամբ, քանի որ կարտոֆիլը չի վաճառվում, իսկ մսի արժեքը բարձրացել է:

Գյուղում մանկապարտեզ չկա: Գյուղի կանայք ցանկանում են, որ այնտեղ մանկապարտեզ բացվի, բայց գյուղից ոչ մեկը նման խնդրանքով չի դիմել տեղական իշխանություններին: Նրանք կարծում են, որ ղեկավարությունը գիտի, և եթե ուզենան, ապա կկառուցեն, առանց նրանց պահանջի:

«Երեխաները կգնային մանկապարտեզ, իսկ մենք դաշտերում հանգիստ կաշխատեինք», – ասում է երիտասարդ մայրը:

мереня1

Թեև գյուղի երիտասարդները ասում են, որ իրենց ապագան գյուղում չեն տեսնում, սակայն գյուղում վաճառվում և գնվում են տներ:

мерения2

Շուշան Շիրինյան