Ախալքալաքի որոշ հարակից գյուղերում արդեն երկու ամիս է ինչ չկա խմելու ջուր, բնակիչները բողոքում են, որ այսպես չի կարող շարունակվել, սակայն առանց ջրի նրանք ստիպված են դիմանալ մինչև ոռոգման շրջանի ավարտը։

Ջրի տևական և առանց զգուշացման բացակայությունը բնակիչների մոտ մի շարք խնդիրներ է առաջացրել: Ախալքալաքի շրջանի Խոսպիո գյուղի բնակիչները արդեն մի քանի անգամ մեզ դիմելով պահանջում են խնդրի լուծում։

«Ջրի ճնշումը ամբողջ քաղաքով է ցածր, իսկ Խոսպիոն քանի-որ ջրուղու վերջն է, ավելի թույլ է։ Դրանից բացի մինչև գյուղ հասնելը ջուրը չարաշահում են», – մեզ հետ զրույցում ասաց Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը:

Մեր այն հարցին, թե ինչու է միայն կեսգիշերին շատ աննշան ջուրը հոսում, պարոն Մոսոյանը պատասխանեց՝ «Այդ ժամերին ջրի ճնշումը ավելանում է, որովհետև ովքեր պոմպ են միացնում, անջատում են, դրա համար ջուրը հոսում է»։

Առանց ջուր մնացած բնակիչը համարում է, որ արդարացի չէ, որ մարդկանց մի մասը կարող է չարաշահել ջրի օգտագործման քանակը, իսկ ոմանց ոչինչ չի հասնում:

«Ախալքալաքի և հարակից գյուղերի ջրուղին, որն անցնում է Կուլիկամի տարածքով, բացի խմելուց օգտագործվում է նաև կարտոֆիլի ոռոգման համար։ Բոլոր նրանք, ովքեր այդ տարածքում կարտոֆիլ ունեն, օգտվում են խմելու ջրից, որպեսզի այն ջրեն։ Այդ տարածքում ոռոգման ջուր չկա և յուրաքանչյուր ոք ինքն է գտնում կարտոֆիլը ջրելու ճանապարհը։ Ջրուղին տարբեր տեղերից ծակած է, և ջուրը միացրած կարտոֆիլի դաշտերը և հենց այդ պատճառով էլ մյուս գյուղերում չկա խմելու ջուր», – այս կերպ իր բողոքը հայտնեց մասնավոր բիզնեսի սեփականատերը, ով չցանկացավ ներկայանալ։

«Հա հասկանում ենք չորային տարի է, բերք ստանալու համար ջուր է հարկավոր, բայց գոնե գիշերները միացնեն, կամ օրվա մեջ հատուկ ժամեր նշանակեն մյուս բնակիչներն էլ խմելու ջրի կարիք են զգում», – մեզ հետ զրույցում ասաց արդեն երկու ամիս խմելու ջրից զրկված բնակիչն, ով չցանկացավ ներկայանալ։

Սակայն ի պատասխան բնակիչների բողոքին Վարդ Մոսոյանը ասաց, որ նման բան չկա և այսօր խմելու ջրով ոչ ոք կարտոֆիլ չի ջրում, մի քանի տարի առաջ հնարավոր էր նման բան, բայց այսօր բացարձակապես չկա։

Ինչևէ Խոսպիոի բնակիչները սպասում են սեպտեմբերի կեսերին, որ ջուր խմեն, հագենան:

Ջուլիետա Տոնականյան