Ընթացքի մեջ են Դադեշ գյուղի՝ Կարծախի մայրուղուց գյուղ տանող, ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Վերականգնման նախագիծը պատրաստ է, գումարը հատկացվել է, շինարարը կառուցում է, բայց ճանապարհի 300 մետրը գտնվում է ԲԹԿ երկաթուղու պատասխանատվության տարածքում, սակայն նա թույլ չի տալիս դիպչել այս հատվածին։
Ճանապարհը, որը օգտագործում են գյուղացիները, և, որը վերականգնվում է՝ ժամանակավոր է։ ԲԹԿ-ի վարչակազմը թույլատրել է այն օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ երկաթուղին չի աշխատում ամբողջ ծանրաբեռնվածությամբ։ Գործող այս ճանապարհի փոխարեն ԲԹԿ-ն առաջարկել է օգտագործել մեկ ուրիշ ճանապարհ, որը դրանից գտնվում է200 մետր հեռավորության վրա, ու անցնում է երկաթուղային գծի տակի անցումով, սակայն գյուղացիների համար նոր ճանապարհը չի բարեկարգվել։ Հիմա «նոր ճանապարհն» իրենից ներկայացնում է կանաչով պատված դաշտ։ Իսկ ձմռանը երկաթուղու տակով անցումը ծածկվում է ձյունով։
Այս տարի տեղական բյուջեն միջոցներ է հատկացրել Կարծախի մայրուղուց Դադեշ գյուղ տանող ճանապարհի 2600 մ երկարությամբ հատվածի վերականգնման համար, ճանապարհը կբետոնապատվի։ Այս աշխատանքների տենդերը շահել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն՝ 1 026 000 լարիի չափով։
Վերականգնողական աշխատանքները սկսվել են, ճանապարհը խճապատվել է, սակայն ճանապարհի 200 մետր հատվածը երկաթուղու մի կողմից, և 100 մետրը՝ մյուս կողմից հնարավոր չէ վերականգնել։
Դադեշ գյուղի ճանապարհի վերականգնման նախագիծը, սակայն, կազմվել է հենց գործող, ժամանակավոր ճանապարհի համար, չնայած այն հանգամանքին, որ գործող ճանապարհի օգտագործման ժամանակավոր բնույթը հայտնի է դեռ 2014 թվականից։ Գյուղացիները պայմանագիր են կնքել այս հողերը ԲԹԿ-ին, կառուցման նպատակով, հանձնելու մասին և համաձայնել են օգտագործել այլ ճանապարհ։
«Նրանք ասում են, որ մենք ստորագրել ենք, որ համաձայն ենք այս հողակտորներն իրենց հանձնել, բայց բնակչությունը չգիտեր, թե ինչ է ստորագրում»,- ասում է գյուղի բնակիչ Մանվել Սարոյանը։
Մխիթար Ափոյանը վրդովված է այն բանից, որ այսքան տարի է անցել, բայց երկաթուղու ղեկավարությունը ոչինչ չի արել նոր ճանապարհը բարեկարգելու համար։
«Եթե նրանք մեր ճանապարհը փակում էին, ապա դրա դիմաց պետք է մեզ մեկ ուրիշն առաջարկեին, չէ՞ որ մենք պետք է ճանապարհ ունենանք, լավ, թող այդ մեկ ուրիշը կառուցեին։ Մենք ուզում ենք, որ մեր ճանապարհն ապահով լինի։ Հիմա յուրաքանչյուր կողմ դադեշցիների հաշվին ուզում է խնայել։ Ես արդեն հասկացել եմ, որ մեր հին ճանապարհից այլեւս չենք օգտվելու, բայց գոնե նորը կառուցեն, ասֆալտապատեն»,- ասում է Մխիթար Ափոյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ բնակչությունը թյուրիմացության մեջ է, բայց իրենք փորձում են լուծում գտնել։
«Քանի որ ԲԹԿ-ի կողմից առաջարկվող ճանապարհը բարեկարգված չէր, երբ մենք տենդերը հայտարարեցինք, նախագծողը վերցրեց հենց հին գիծը։ Մարաբդա-Կարծախ ընկերությունը պետք է կառուցեր նոր ճանապարհը, նրանք փաստարկում են, որ չեն հասցրել։ Մենք առաջարկել ենք, որ նրանք նոր ճանապարհը նորմալ կառուցեն, բետոնապատեն, ինչպես հիմա մնացած մասն ենք մենք կառուցում։ Այժմ բանակցային գործընթացի մեջ ենք։ Այժմ նախագծում ճշգրտում կմտցնենք, կմտնենք գյուղ, ճանապարհը կբետոնապատենք, բացառությամբ 300 մետրից։ Վերջնական բանակցություններից հետո մենք վերջնական պատասխան կունենանք նոր ճանապարհի նախագծի վերաբերյալ»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Ինչպես կլուծվի այս հարցը, Jnews-ը կտեղեկացնի ավելի ուշ։