Ավարտվել է Դադեշ գյուղի ճանապարհի վերականգնումը՝ Կարծախի խճուղուց մինչև բնակավայրի սկիզբ։ Սակայն այս ճանապարհի 300 մետրի հարցը, որը գտնվում է «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ընկերության պատասխանատվության տակ, դեռևս չի լուծվել։ Այս հատվածին չեն դիպել։ Ճանապարհը, որով դադեշցիները մինչ օրս օգտվում են, փոխանցվել է երկաթուղային գծին, այլընտրանքայինը դեռ չեն կառուցել։
Դադեշ գյուղի բնակիչները գոհ են նոր ճանապարհից, թեև այն նեղ է, և մեքենաները քշում են բետոնե ճանապարհով, հետո ստիպված անցնում են 300 մետր չվերանորոգված հատվածով, հետո կրկին քշում բետոնապատ ճանապարհով, մինչև հասնում են գյուղ։
«Շատ գոհ ենք: Ասում են նոր ճանապարհ են կառուցելու: Տեսնենք: Ճանապարհը, ճիշտ է, նեղ է, բայց ոչինչ, փոքր արագությամբ ենք վարում»,- ասում է Դադեշի բնակիչ Արթուր Մարտիրոսյանը։
Շինարարները ձեռք չեն տվել ճանապարհի 200 մետր հատվածին, երկաթուղային գծի մի կողմից, և մյուս կողմից՝ 100 մետր հատվածին։ Վերականգնման նախագիծը կազմվել է հենց գործող ճանապարհի համար, չնայած այն հանգամանքին, որ դրա շահագործման ժամանակավոր բնույթի մասին հայտնի էր դեռ 2014 թվականից։
Դեռ այն ժամանակ գյուղացիները պայմանագիր էին կնքել այդ հողերը հանձնել ԲԹԿ-ի կառուցման համար և համաձայնություն էին տվել օգտագործել մեկ այլ ճանապարհ, որն ընկերությունը կհատկացներ նրանց։ Նոր ճանապարհից, որն անցնելու է երկաթգծի տակով, գյուղացիները հիացած չեն: Նրանց խոսքով, ձմռանը այս հատվածը կծածկվի ձյունով, քանի որ ճանապարհը փոսի մեջ է։
Դադեշում քաղաքապետի ներկայացուցիչ Էդգար Թովմասյանի խոսքով, նոր ճանապարհի շինարարությունը սկսվել էր գործող ճանապարհի վերականգնման աշխատանքների ավարտից հետո, սակայն դադեշցիները թույլ չէին տվել այն շարունակել։ Այնուհետև բանակցություններ էին սկսվել «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ընկերության և գյուղացիների միջև։
Էդգար Թովմասյանի խոսքով, բանակցությունները տարվել են երկու անգամ: Արդյունքում պայմանավորվել են, որ նոր ճանապարհ է կառուցվելու, բայց եթե դրա շահագործումից հետո պարզվի, որ այն գյուղացիների համար ոչ պիտանի է, ապա հին ճանապարհի մնացած 300 մետրը կվերականգնեն ու մշտապես կօգտվեն դրանից։
«Մենք պայմանավորվեցինք, որ Մարաբդա-Կարծախ ընկերությունը նոր ճանապարհը կկառուցի, մի քանի տարի կօգտագործենք այս ճանապարհը, եթե այն արդարացնի, հին ճանապարհը կփակվի և մենք նոր ճանապարհով կտեղաշարժվենք: Եթե ոչ, ապա 300 մետրը կբետոնապատենք և կօգտագործենք հին ճանապարհը»,- ասում է Էդգար Թովմասյանը։
Նա նշեց, որ այժմ «Մարաբդա-Կարծախ երկաթուղին» իրենց գյուղում անասունների համար անցումներ է կառուցում, որից հետո կվերսկսի նոր ճանապարհի շինարարությունը։
Կարծախի մայրուղուց մինչև Դադեշ գյուղի սկիզբ ճանապարհի վերականգնումն իրականացվել է տեղական բյուջեի միջոցների հաշվին, 2600 մ ճանապարհի կառուցման համար հատկացվել է 1 026 000 լարի։ Աշխատանքներն իրականացրել է «Ջավախ Ավտո Գզա»-ն։
Այս թեմայով ընթերցե՛ք.
Գումարը հատկացված է, սակայն Դադեշի ճանապարհի ամբողջական վերականգնումը չի հաջողվի իրականացնել