Ախալքալաքում 2017 թվականին արդեն շան կծելու մի դեպք է գրանցվել, իսկ 2016 թվականին՝ 82, որոնցում 17-ը թափառական շներ են եղել։

Ախալքալաքի փողոցներում քայլելու ամենամեծ վտանգը անօթևան շների գոյությունն է, որոնք արդեն հարձակվում են անկախ տարվա եղանակից:

Լիլյան ապրում է նախկին զինվորական թիվ մեկ ավանում, արդեն մի քանի օր է նա վախով է գնում տուն:
«Ամեն անգամ տուն գնալուց ճանապարհին հանդիպում եմ անօթևան շների, բայց մի անգամ մոտավորապես տասերկու շուն փողոցի մի կողմից էին գալիս մեկն էլ դիմացից, ես փորձեցի շների մոտից անցնել, սակայն նրանք հաչեցին, և ես խուճապի մատնված փորձեցի վազել, քանի-որ սառույց էր սայթաքեցի և ընկա։ Չգիտեմ բախտս բերեց, թե չբերեց, բայց շների կծելուց փրկվա, փոխարենը ձեռքերս վնասվեց և մինչև հիմա մատներիս կարծես ուժ չկա», – ասաց շների հարձակումից վախեցած Լիլյան։

Իսկ Զոյային չհաջողվեց փրկվել շան կծոցից:
«Ինձ ամանորի նախօրեին էին կծել, դիմեցինք բժշկի, երեք անգամ ներարկում կատարեցին, շանը հետևեցին ու, քանի-որ շունը չսատկեց, ասացին որ վտանգավոր չէ», – ասաց Զոյա Թաթարյանը:

Կենդանիների կծելուց տուժածները սկզբում դիմում են հիվանդանոց, այնուհետև այնտեղից շտապ կանչ հաղորդագրություն է գնում Հասարակական առողջապահության Ախալքալաքի կենտրոն, որը անմիջապես սկսում է զբաղվել այդ հարցով։

«Այդ հարցերով զբաղվում է բժիշկ համաճարակաբան Ալելաշվիլի Ռեվազը։ Թափառական շների կծելու 15 դեպքում կարողացել ենք հետևել շներին, մյուս դեպքերում՝ ոչ։ Բացի շներից նաև ունեցել ենք այլ կենդանիների կծելու դեպքեր, ինչպես օրինակ ունեցել ենք առնետի, կատվի, խոզի և ձիու կծելու դեպքեր», – մեզ հետ զրույցում ասաց համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը։

Թափառական շների հարձակման այնպիսի դեպքեր կան նաև, որ հիվանդանոց չեն դիմում, ինչպես օրինակ Սամվելը՝ «Ինձ շուկա գնալուց պատահական շունը կծեց, ու ինձ ասացին, որ այդ շունը միշտ հանկարծակի է հարձակվում ու, որ իմ դեպքը առաջինը չէ։ Հիվանդանոց չգնացի, տնային պայմաններում մշակեցի վերքս», – ասաց Սամվելը։

Թափառական շների խնդրին jnews.ge-ն անդրադարձել է անցած տարի նույնպես, երբ կարծես տեղական իշխանությունը անհանգստացած էր, և մտածում էր խնդրի լուծման մասին, սակայն անցավ մեկ տարի, իսկ որոշում այդպես էլ չի կայացվել։

Ջուլիետա Տոնականյան