Այսօրվա դրությամբ, Ախալքալաքի շրջանի որոշ գյուղեր տանող և գյուղամիջյան ճանապարհները փակ են մնում, մի քանի գյուղ զրկված է էլեկտրականությունից և բնական գազից:
Ինչպես հայտնում է Ախալքալաքի քաղաքապետը՝ այս պահին փակ է. Գոմանից Օլավերդ ընկած ճանապարհահատվածը, Բուղաշենի ճանապարհը, իսկ Մեծ և Փոքր Սամսար տանող ճանապարհը, որտեղ ձյան շերտը երկու մետրից բարձր է։ Փակ է նաև Ալաթումանից միչև Բեժանո ընկած ճանապարհը։
Քաղաքապետը նշում է, հատուկ մեքենա են հանել, որոնց օգնությամբ ձյունից մաքրելու են նախ Բուղաշեն, այնուհետև Բեժանո գյուղեր տանող ճանապարհները։
Իսկ երեկ գիշերը՝ մինչև ժամը 03։30 բացվել է՝ Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղեր տանող ճանապարհը։
«Մյուս տեխնիկան K700-ը, հիմա աշխատում է Գոգաշեն և Հոկամ գյուղերի ուղղությամբ, այնուհետև Խավեթ և Դադեշ են գնալու, ցավոք սրտի, մեր հզոր տեխնիկան, որով երեկ մաքրվել է Ալաստան գյուղի ճանապարհը, փչացել է», – հավելում է Մելքոն Մակարյանը։
Քաղաքապետը նշում է, որ ձյան շերտն այնքան ամուր է, որ միայն փչովի սարքով կարելի է բացել, կամ թրթուրավոր տրակտորով։
Բուղաշենում խնդիր է, ոչ միայն փակ ճանապարհները, այլև բնական գազի բացակայությունը, քամին վնասել է գյուղի գազամուղը:
Այս պահի դրությամբ շրջանի մի քանի գյուղեր մինչև հիմա հոսանքազրկված են։
Մելքոն Մակարյանի խոսքերով, այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում ժողով կանցկացվի, քննարկելու ստեղծված իրավիճակը:
«Սա մի մարդու գործ չէ, պետք է բաժանավենք տարբեր ուղղություններով, տեսնենք ինչպես կարող ենք առաջացած խնդիրները լուծել», – ավելացնում է նա։
Երկու օր տևած բքից և ուժգին քամուց հետո, այսօր Ախալքալաքում եղանակը համեմատաբար բարենպաստ է:
Ընդգծենք, որ Վրաստանի Ճանապարհային վարչության տվյալներով, խստիվ արգելվում է երթևեկությունը Ախալքալաք-Կարծախ ճանապարհով: