Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոգաշեն գյուղի բնակիչները ցանկանում են օգտվել «Վրացական ներգաղթի ժողովրդագրական և տնտեսական կենտրոնի» օգնությունից, ինչը կնպաստի Վրաստանում ընտանիքների ստեղծմանը:
«Վրացական ներգաղթի ժողովրդագրական և տնտեսական կենտրոնը» վերջերս գրանցվել է «Վրաստանի Հայրենասերների դաշինքի» խորհրդարանական պատգամավոր Էմզար Կվիցիանիի կողմից: Պատգամավորը ընտանիքի ստեղծման կենտրոնի մասին խոսել է հեռուստաշոուներից մեկի ժամանակ: Այս գաղափարը որոշների կողմից ընդունվել էր որպես կատակ, սակայն, ըստ Էմզար Կվիցիանիի, նա ստացել է արձագանք տարբեր երկրների վրացական սփյուռքից, մարդիկ պատրաստ են գումար ուղարկել հիմնադրամին, որը կնպաստի Վրաստանում ընտանիքներ ստեղծելուն:
Պատգամավորը հայտարարել է, որ նա Ախալքալաքից ստացել է 30 անձից բաղկացած ցուցակ, ովքեր ցանկանում են օգտվել Ընտանիքի ստեղծման կենտրոնի օգնությունից: Պարզվեց, որ այս ցուցակը ուղարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոգաշեն գյուղից:
Գոգաշեն գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Զազա Նաթենաձեն ասում է, որ ինքը տեղյակ չէ, թե գյուղից ով է կազմել ցուցակը և ուղարկել:
«Այո, գյուղում կան մարդիկ, ովքեր 20-ից 40 տարեկան են և ովքեր դեռ չեն ստեղծել իրենց ընտանիքները, բայց ով է գրել այդ ցուցակը, ով է ուղարկել, ես չգիտեմ», – ասաց Զազա Նաթենաձեն:
Գյուղում բնակվում է շուրջ 70 ընտանիք:
Ըստ Էմզար Կվիցիանիի, գոգաշենցի տղամարդկանց ցուցակը նրան փոխանցել են Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները: Նա նաև հայտարարեց, որ կենտրոնի գործունեությանը մասնակցում են հոգևորականներ:
Կենտրոնը հիմնականում կօգնի բարձրալեռ շրջանների ընտանիքներին, առաջնահերթություններում են վրաց նորապսակ զույգերը:
«Ներգաղթողները փող կփոխանցեն, և կենտրոնը կօգնի նոր ընտանիքներ ստեղծել, իսկ գործակալները կիմանան, թե որտեղ են նրանք և կօգնեն նրանց գրանցվել», – ասում է Էմզար Կվիցիանին:
Ըստ պատգամավորի, զույգը պետք է հայտարարություն ներկայացնի կենտրոնին:
Էմզար Կվիցիանին, կենտրոնի գրանցումից հետո, այժմ աշխատում է օրինագծի վրա, որը նպատակաուղղված է երկրի ժողովրդագրական վիճակի բարելավմանը` բարձրալեռ շրջանների բժիշկների թոշակները բարձրացնելու ճանապարհով, ինչպես նաև նորածինների համար դրամական օժանդակություններով: