Ախալքալաքում օր օրի ավելանում են թափառող շները, որոնք իրական սպառնալիք են դարձել մարդկանց համար: Խնդիրի լուծման նպատակով վարչությունում քննարկումներ են նախատեսված:

Քաղաքի փողոցներում թափառող շների պատճառով տիկին Սեդան ամեն օր 13 տարեկան որդուն դպրոց է ուղեկցում:

«Որդիս 5-րդ դասարանում է սովորում, արդեն ինքնուրույն պետք է գնա դպրոց, բայց վախենում է, որովհետև մի անգամ հարձակվել են երեխայի վրա: Չնայած չէին կծել, բայց ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «Ահը մահեն վեր է»: Շները շատ են ու բավականին ագրեսիվ», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի բնակչուհի Սեդան։
shun2

Այո, շունը համարվում է մարդու բարեկամը, և իհարկե շները ուրախացնում, զվարճացնում և շատ հաճախ անգամ օգնում կամ փրկում են մարդկանց, սակայն դա չի վերաբերվում քաղաքային պայմաններում անտուն ապրող շներին:

Վերջիններս կտրված են իրենց բնական միջավայրից, չունեն սնունդ հայթայթելու այլ միջոց: Սնունդ չգտնելու դեպքում շները դառնում են ագրեսիվ ու վտանգավոր բոլորի համար՝ մանավանդ փոքր տարիքի երեխաների:

Թափառող շների խնդիրն Ախալքալաքում բավականին երկար ժամանակ է անհանգստացնում է մարդկանց: Սակայն դեռևս անորոշ են խնդրի լուծման ուղիները: Շրջանային վարչությունն առաջիկայում նախատեսում է քննարկումներ անցկացնել խնդրի լուծման տարբերակներ գտնելու համար:

«Այս շաբաթվա ընթացքում պետք է քննարկումներ անենք, տարբերակներ առաջարկենք ու հնարավորինս արդյունավետ լուծում գտնենք։ Վրաստանում, շանը կրակելը արգելված է, իսկ հատուկ միջոցառումները որոնք իրականացվում են մեծ քաղաքներում մենք չենք կարող ձեռնարկել՝ ելնելով մի շարք ֆինասական խնդիրնրից», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի լիազոր Արմեն Խաչատրյանը։
shun3

Որպեսզի փողոցային շունն ստանա համապատասխան բոլոր պատվաստումները հարկավոր է հատուկ մասնագետ հրավիրել, բացի պատվաստումներից շատ ուրիշ հարցեր կան, որոնք նույնպես գումարի հետ են կապված։ Մոտավոր հաշվարկներով մեկ շան համար 3000 լարի է հարկավոր։

Մինչ տեղական իշխանությունը թափառող շների դեմ պայքարի ծրագիր է մշակում, քաղաքի փողոցներում ամեն օր ավելանում են անտուն շները, միաժամանակ ավելացնելով վտանգի չափը:

Ջուլիտեա Տոնականյան