Աշնանային անձրեւները սկսվեցին, ինչի հետ վերսկսվեցին նաև բազմահարկ շենքերի վերին հարկերի բնակիչների խնդիրները, որոնց տանիքները դեռ վերականգնված չեն։ Ախալքալաքի մունիցիպալիտետը տարեկան վերանորոգում է 1-2 շենքի տանիք, մնացածը ստիպված են սպասել։ Բազմահարկ շենքերի տանիքների վերականգնման ծրագիրը 2024 թվականին ևս կշարունակվի, սակայն թե կոնկրետ որ շենքն է ընտրվելու, դեռ հարցականի տակ է։
Ախալքալաքում բարձրահարկ շենքերը շատ չեն, հիմնականում բարձրահարկ շենքերի թաղամասն Աղմաշենեբելիի վրա է, նախկին զինվորական ավանը, իսկ քաղաքի մնացած մասում ընդամենը մոտ 10 շենք կա։ Վերջին տարիներին չվերանորոգված բարձրահարկ շենքերի տանիքներն անմխիթար վիճակում են։ Ոմանց վերին հարկերի բնակիչները անձրեւը դիմավորում են դույլերով, ոմանց խնդիրն էլ խոնավությունն է։
Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի առաջին նրբանցքի թիվ 1 և թիվ 3 բազմահարկ շենքերն այն շենքերից են, որտեղ անձրևի ժամանակ վերջին՝ 5-րդ հարկի բնակիչները անձրևանոցով են շրջում բնակարանում և դույլեր տեղադրում տարբեր վայրերում։ Այս շենքերի տանիքներն անմխիթար վիճակում են, գրեթե նույն վիճակն է նախկին թիվ 1 զինվորական ավանի թիվ 488 շենքում։
Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի առաջին նրբանցքի թիվ 1 եւ թիվ 3 բազմահարկ շենքերի տանիքների վթարային վիճակի մասին Jnews-ը գրել էր այս տարվա հուլիսին։
Ախալքալաքի բարձրահարկ շենքերի տանիքները վթարային վիճակում են
Աղմաշենեբելիի առաջին նրբանցքի թիվ 1 շենքի բնակիչների խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են տեղական իշխանություններին՝ վերանորոգման խնդրանքով, սակայն մերժում են ստացել։ Վերջին անգամ քաղաքապետարան ենք դիմել այս տարվա հուլիսին, սակայն պաշտոնական պատասխան չեն ստացել։
«Մեր դիմումին կոնկրետ պատասխան չենք ստացել, բայց իմացել ենք, որ եթե այն ընդգրկվի բյուջեի նախագծում, ապա կանեն այս տարի, իսկ եթե ոչ, ուրեմն՝ ապագայում: Մեր տանջանքները սկսվեցին անձրևների ու սառնամանիքի սկսվելու հետ միասին, ամբողջ տանիքը անցքերով լի է, իսկ տները նորից ցուրտ ու խոնավ են»,- ասաց շենքի բնակիչը։
Տեղական իշխանությունները մի քանի տարի է տեղական բյուջեի միջոցներով վերանորոգում են բազմահարկ շենքերի տանիքները։ Բյուջեն թույլ է տալիս տարեկան մեկ կամ երկու տանիք վերանորոգել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանն ասաց, որ հաջորդ տարի ևս նախատեսում են բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ։
«Աշխատանքները շարունակական են լինելու, բայց հաջորդ տարի մենք դեռ չգիտենք, թե քանի և կոնկրետ ինչ շենքեր են ներառվելու, չենք քննարկել»,- ասաց Մնացական Փամբուխչյանը։