Այսօր՝ վաղ առավոտվանից, Ախալքալաքից հարյուրավոր մեքենաներով ու միկրոավտոբուսներով տարբեր պետական կառույցների աշխատակիցներ Թբիլիսի են գնում իշխանության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու:
Հանրահավաքի են գնում ինչպես մանկապարտեզների, գրադարանների, դպրոցների և պետական այլ կառույցների աշխատակիցներ, այնպես էլ «Վրացական երազանքի» ակտիվիստները:
Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ով ըստ օրենքի այսօրվանից, այսինքն՝ ՇԸՀ-ի վերջնական արձանագրությունները կազմելուց 11-րդ օրը պետք է ստանձներ իր պարտականությունները գնում է Թբիլիսի իշխանության հանրահավաքին:
JNEWS-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց. «Չգիտեմ, ինչ կարևոր է, թե ինչքան մարդ է գնում Ախալքալաքից, երբ որ հրապարակվի այդ ժամանակ կիմանաք: Եթե հրապարակվի կիմանաք, եթե չհրապարակվի չեք իմանա»:
Մարդկանցով լի միկրոավտոբուսներն ու մեքենաները հերթով-կարգով հավաքվում են Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին, այնուհետև շարասյունին միանալով ուղևորվում Թբիլիսի:
Վաղ առավոտվանից միկրոավտոբուսները սպասում էին դպրոցների ուսուցիչներին, նախակրթարանների, գրադարանների աշխատակիցներին` Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերից:
Հիշեցնենք, որ JNEWS-ը «Ստիպողաբար. ո՞վքեր են Ախալքալաքից գնում Թբիլիսի հանրահավաքի» վերտառությամբ նյութում անդրադարձել էր, որ Ախալքալաքում մարդկանց ցուցակագրում և «ստիպողաբար» տանում են հանրահավաքի՝ անտեսելով կորոնավարակն ու դաշտային աշխատանքները: