Ինչպես արդեն անդադարձել ենք, Ախալքալաք-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ երթևեկող հասարակական տրանսպորտի արժեքը բարձրացել է 3 լարիով, ուղևորները վճարում են 20 լարի: Խնդիր է ոչ միայն թանակցումը, այլ նաև այն, որ վարորդները նախօրոք սահմանված գրաֆիկով չեն երթևեկում դեպի Թբիլիսի, որը նրանք բացատրում են ուղևորների սակավությամբ:

Ախալքալաքից դեպի Թբիլիսի օրական երեք անգամ է տրանսպորտ գնում՝ առավոտյան ժամը 07։00-ին, 09։00-ին և կեսօրին՝ 15։00-ին, իսկ այնտեղից հետ է գալիս՝ առավոտյան ժամը 08։00-ին, կեսօրին՝ 13։00-ին և երեկոյան՝ 17։00-ին։

Եթե Ախալքալաքից տրանսպորտը շարժվում է դեպի Թբիլիսի առավոտյան ժամը 07։00-ին, ապա Թբիլիսիից ուղևորներին բերում է ժամը 13։00-ին: Ախալքալաքից ժամը 09։00-ին դուրս եկող տրանսպորտը, Թբիլիսիից ուղևորներին հետ է բերում ժամը 17։00-ին:

Բայց շատ հաճախ, ինչպես օրինակ երեկ՝ ժամը 09:00-ին շարժվող տրանսպորտը չի գնացել Թբիլիսի, քանի որ ուղևորները քիչ են եղել, հետևաբար, ժամը 17։00-ին Թբիլիսիից Ախալքալաք եկողները մնացել են Թբիլիսիում: Նրանք ստիպված են եղել Թբիլիսիից Ախալցիխե գնալ, այնուհետև՝ Ախալցիխեից Ախալքալաք։

Jnews-ը երեկ եղավ Ախալքալաքի ավտոկայանում: Մեր այնտեղ գտնվելու ընթացքում ավտոկայանի ղեկավարությանը տեղում չկարողացանք տեսնել, բայց աշխատակիցները հաստատեցին, որ ուղևորափոխադրման արժեքը բարձրացել է 3 լարիով, ինչպես նաև այն, որ ժամը 09։00-ի երթուղայինը չի գնացել, քանի որ ուղևորները քիչ են եղել։ Ավտոկայանի աշխատակցի խոսքերով, վարորդն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու, քանի որ ծախսած վառելիքի համար ինքն է վճարում:

Վարորդ Լևան Միքելաձեն, ով մշտապես առավոտյան ժամը 07։00-ին Ախալքալաքի ուղևորվում է դեպի Թբիլիսի, ասում է.

«Դա պայմանավորված է նաև նրանով, որ հիմա վառելանյութը թանկացել է, և մարդիկ իրենց մեքենաներով չեն գնում, ձեռնտու չէ։ Ինչ վերաբերում է գրաֆիկով երթևեկելուն, ապա ասեմ, որ վարորդները պարտավոր են նշված ժամին դուրս գալ քաղաքից։ Ինձ հետ նմանատիպ դեպք չի եղել, որ չգնամ, մյուսներից տեղյակ չեմ»:

Ախալքալաք-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ երթևեկող վարորդները դժգոհում են, որ ուղևորահոսքը կտրուկ նվազել է: Գրիշա Ծուրծումիան, ով արդեն 21 տարի է երթևեկում Ախալքալաք-Թբիլիսի ուղղությամբ՝ ասում է, որ չի հիշում վերջին անգամ երբ է իր մեքենայի բոլոր նստատեղերը զբաղված եղել։

«Հիմա ուղևորներ չկան, մեր ավտոկայանը նման է Չեռնոբիլին, շունչ չկա, միայն քամին է փչում, տերևները թափվում: Ես մոռացել եմ, թե վերջին անգամ երբ է 18 տեղանոց մեքենան լիքը եղել։ Ժամը 07։00-ին ուղևորներ շատ են լինում, ինչու՞, քանի որ մարդկանց պետք է շուտ հասնել Թբիլիսի և հասցնել գործերն ավարտել մինչև ժամը 13։00-ն, որպեսզի այդ ժամին շարժվող տրանսպորտով հետ գան: Դրա համար ժամը 17։00-ին գնացող տրանսպորտը վաղուց այսպես անկանոն է երթևեկում»:

Գրիշայի հաշվարկներով, վարորդը միայն 180 լարիի դիզվառելիք է ծախսում, որն այսօրվա դրությամբ կազմում է 9 ուղևորի վճարած գումարը: Ըստ ուղևորների քանակի, վարորդը պարտավորված է 25 տոկոս վճարել Թբիլիսիի ավտոկայանին, իսկ 20 տոկոս՝ Ախալքալաքի:

Ուղևերները բողոքում են, որ հասնում են ավտոկայան և նորից հետ վերադառնում, քանի որ վարորդները չեն քշում, քանի որ ուղևորները քիչ են։

«Շատ անգամ է եղել, որ գնացել եմ ժամը 09։00-ին, եղել ենք երկու կամ երեք հոգի, բայց վարորդը չի գնացել։ Մենք ստիպված ենք եղել գնալ Ախալցիխե կամ Խաշուրի, որպեսզի ինչ որ կերպ հասնենք Թբիլիսի։ Եթե գործերս շատ շտապ չի լինում, այդ դեպքում սպասում եմ և հաջորդը օրն եմ գնում»,- ասում է Արմենը։

Չնայած դրան Գրիշան նշում է, թեկուզ երկու ուղևոր լինի վարորդը պարտավոր է նշված ժամին շարժվել:

«Եթե անգամ կա երկու ուղևոր, վարորդը պետք է անպայման գնա: Եղել է դեպք, որ ունեցել եմ մեկ ուղևոր և գնացել եմ։ Բանն այն է, որ յուրաքանչյուր պատահած մտավ այս գիծ, դրա համար էլ այսպես է լինում։ Կան մարդիկ, որոնք ամսվա մեջ երկու օր ունեն, դրա համար նրանց ձեռնտու չէ, և, եթե քիչ են լինում ուղևորները, չեն գնում: Նրանք չեն մտածում, որ մարդիկ սպասում են: Վարորդը, ով մի ամսում 8 կամ 9 օր ունի, թեկուզ մեկ ուղևորով նա կշարժվի, որովհետև մի անգամ ուղևորները շատ են լինում, մյուս անգամ քիչ, մեկը մյուսին փակում է։ Եթե վարորդը մտել է գիծ, ապա պարտավոր է նշված ժամին շարժվել»:

Ուսանողները նշում են նաև այն, որ ոչ միշտ, բայց լինում է, որ վարորդները նշված ժամին չեն շարժվում և շտապեցնում են ուղևորներին, որ իրենց ուզած ժամին գնան։

Այս խնդիրը երկողմանի անհանգստացնում է՝ թե վարորդներին, թե ուղևորներին, թե ինչ լուծում կունենա դեռ անորոշ է:

Գայանե Ակոջյան