Երեկ՝ մայիսի 17-ին, սկսվեց Ախալքալաքի Նալբանդյան փողոցի 280 մետրանոց հատվածի վերականգնման գործընթացը, որը փորվել էր ստորգետնյա նոր էլեկտրահաղորդման գծի անցկացման համար և 5-6 ամիս անհարմարություն էր ստեղծում ինչպես այս փողոցով անցնող վարորդների, այնպես էլ շրջակայքում գտնվող տարբեր բիզնես-օբյեկտների համար։
Վերականգնողական աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Փոսը փորվել է 2023 թվականի դեկտեմբերի սկզբին՝ էնէերգիայի «EnergoPro Georgia» բաշխիչ ընկերության, ստորգետնյա նոր էլեկտրահաղորդման գծի անցկացման աշխատանքների շրջանակներում։
Գիծն անցկացնելուց երկու շաբաթ անց՝ 2023 թվականի դեկտեմբերին, մենք կապվեցինք «Էներգո Պրո Ջորջիա» ընկերության հետ պարզելու, թե ինչու փորված փոսերը չեն նորոգվում, խոստացան մեկ շաբաթից ասֆալտապատել, բայց հետո պարզվեց, որ անհնար է ասֆալտապատել մինչև տաք եղանակների սկսվելը:
Այս հատվածը շատ էր խանգարում երթևեկությանը, հատկապես Ամանորին նախապատրաստվելու ժամանակ, երբ Նալբանդյան փողոցը ծանրաբեռնված է դառնում։
Երեկ վերականգնման գործընթացը սկսվեց, աշխատողները հանում էին փորված հողն ու այնտեղ լցնում ղիճ, փոսն ասֆալտապատելու համար։ Աշխատողները դեռ չեն կարող ասել, թե որքան կտևեն աշխատանքները։
Հիշեցնենք, որ Energo Pro Georgia-ն նախորդ տարի նոր ստորգետնյա էլեկտրահաղորդման գիծն անցկացրել էր տրանսֆորմատորի բեռնաթափման համար։
Նալբանդյան-Չարենց խաչմերուկի փորված ճանապարհահատվածը դեռ չի ասֆալտապատվի
Energo Pro Georgia-ն խոստանում է մեկ շաբաթից վերացնել ճանապարհափոսերը