Ախալքալաքի մունիցիպալ, էլեկտրական և այլ սյուներում քաոսային իրավիճակ է՝ գործող և հին էլեկտրական հաղորդակցման լարերը խճճված են։ Չնայած քաղաքի կենտրոնի վերականգնմանը, սյուների անխնամ տեսքն ու վիճակը մնում է, և փչացնում տեսքը։

Ախալքալաքում հիմնականում տեղադրված են էներգաբաշխիչ Energo-pro Georgia ընկերության էլեկտրասյուները, Silknet-ի և մունիցիպալ սյուները։ Սյուների վրա շատ են էլեկտրական, հեռախոսային, ինտերնետ լարերը, որոշ սյուների վրա դեռ 90-ականների լարեր կան, երբ բնակչությունն իրենց տներն էլեկտրաէներգիայով էր ապահովում հիդրոէլեկտրակայաններից կամ մասնավոր անձանց կողմից տեղադրված գեներատորներից։ Էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակի կարգավորումից հետո բազմաթիվ լարեր են մնացել։ Էլեկտրական սյուների վրա գոյացել են լարերի հսկայական ցանցեր։

«Energo Pro Georgia»-ի Ախալքալաքի մասնաճյուղից մեզ ասացին, որ իրենց սյուների վրա, ՀԷԿ-ի և հեռախոսների ավելորդ էլեկտրական լարեր չկան, իրենց սյուների վրա միայն ինտերնետ լարեր կան, որի թույլտվությունն իրենք տվել են։

«Սիլքնեթ»-ից մեզ ճշտել հաջողված տեղեկությունների համաձայն, իրենց սյուների վրա կան միայն ֆիքսված հեռախոսային կապի լարեր, որոնց մի մասն օգտագործվում է որպես ինտերնետ լար, իսկ մնացածը չեն հանվել, որպեսզի բաժանորդների ցանկության դեպքում այն հեշտությամբ վերականգնվի։

provoda1

Մոտ 100 մունիցիպալ սյուն վարձակալությամբ է տրված տեղի ՀԷԿ-ին, իսկ մնացածը պարզապես օգտագործվում են տարբեր նպատակներով, սակայն տեսակավորումը, կարգի բերելը և կառավարումը դեռևս Ախալքալաքի քաղաքապետարանի առաջնահերթությունների մեջ չի մտնում։

«Երբ հետագայում սկսենք զբաղվել այս հարցով, մենք իհարկե, ավելորդ լարերը կվերացնենք։ Երբ սկսենք սյուները փոխել, այդ ժամանակ էլ կզբաղվենք դրանով, կթողնենք այն կազմակերպությունների լարերը, որոնք մեր սյուներից օգտվում են և մեզ հարկ են վճարում: Բայց չգիտեմ, թե երբ կզբաղվենք դրանով»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության վարչության պետ Արա Մովսիսյանը։