ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն այցով գտնվում է Սամցխե-Ջավախքում։ Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Ախալցիխեում ընդունելություն է տեղի ունեցել՝ ի պատիվ Վրաստանի եւ ԱՄՆ-ի 30-ամյա համագործակցության։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱՄՆ դեսպանն այցելել է Ախալքալաք և Նինոծմինդա։

Հոկտեմբերի 25-ին Ախալցիխեում, Ռաբաթի «Gino Wellness» հյուրանոցում, ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ի պատիվ ամերիկա-վրացական դիվանագիտական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության 30-ամյակի: Ընդունելությանը հրավիրված էին կենտրոնական և տեղական հասարակական կազմակերպությունների, տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, դատական իշխանության, ռազմական հրամանատարության, առողջապահության ներկայացուցիչներ և այլք։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ԱՄՆ դեսպանատան հետ տարբեր ոլորտներում համագործակցության համար։

«Ես շատ ուրախ եմ, որ մեկ տարի հետո վերադառնում եմ Սամցխե-Ջավախք: Ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ, քանի որ տեսնելու շատ բան կա: Այստեղ ծ շատ բան կա ուսումնասիրելու, այստեղ շատ բան է արվում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել տարբեր ոլորտներից մեր գործընկերներին՝ լինի դա կրթություն, պաշտպանություն, հանրային առողջապահություն, թե այլ ոլորտներ, մենք ունենք արտակարգ գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել լավ, արդյունավետ համագործակցության համար»,- ընդունելության ժամանակ իր ելույթում ասել է ԱՄՆ դեսպանը:

Հոկտեմբերի 25-ին, Ախալցիխեում, Քելլի Դեգնանը հանդիպել է դպրոցականների, հասարակական կազմակերպությունների և դատարանի ներկայացուցիչների հետ։

Այսօր Ախալքալաքում դեսպանը հանդիպել է Ախալքալաքի Շրջանային դատարանի, ինչպես նաև Թիվ 4 և Թիվ 3 դպրոցների աշակերտների հետ, ապա դեսպանը գնացել է Նինոծմինդա, որտեղ ևս հանդիպումներ կան ծրագրված տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ ԶԼՄ-ների հետ։