Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղի բնակիչները դժգոհում են, որ գյուղի ճանապարհը կառուցվել է երկու կողմից առանց ջրատարների, ճանապարհի մեծ մասում մայթեր չկան։ Տեղական իշխանությունները նշում են, որ չեն կարող ամեն ինչ միանգամից անել, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կարելի է շտկել։
Կաջո գյուղում ապրում է մոտ 100 ընտանիք։ Գյուղի հանրային դպրոցը, մանկապարտեզն ու ակումբը գտնվում են գլխավոր ճանապարհի վրա, որտեղից բազմաթիվ մեքենաներ են երթևեկում ոչ միայն գյուղից, այլև դեպի Ալաթուման, Բեժանո, Սիրկվա և նույնիսկ Բորժոմիի մունիցիպալիտետի որոշ գյուղերից։ Գյուղի մի ծայրից մյուսը դպրոցականները անցնում են այս ճանապարհով։ Բնակիչներն անհանգստանում են երեխաների անվտանգության համար: Նրանք դժգոհում են, որ ճանապարհն ասֆալտապատվել է առանց մայթերի, իսկ ճանապարհին արհեստական անհարթություններ չկան։
«Ասֆալտը շատ լավ է, ասֆալտից շատ գոհ ենք, բայց ճանապարհը առանց ջրանցքների է կառուցվել, դրանք հողային են, այնտեղից ջուրը հոսում է ասֆալտի տակ ու քանդում այն, ճանապարհին «պառկած ոստիկաններ» չկան, ճանապարհն առանց մայթ է»,- ասում է Յուրա Պապիկյանը։
Գյուղում անհանգստացած են, որ գյուղի գլխավոր փողոցով երթեւեկությունն անվտանգ չէ, հիշեցնելով Սուլդա գյուղի դեպքը, երբ մեքենան վրաերթի էր ենթարկել 7-ամյա աղջկան։
«Ճանապարհով մեքենաները մեծ արագությամբ են քշում, երեխաների համար ենք անհանգստանում: Նրանք գնում են դպրոց, մանկապարտեզ, ինչպես կարելի է ճանապարհն ասֆալտապատել ու մայթ չկառուցել»,- ասում է Սանդրիկ Ալեքսանյանը։
Դպրոցի հարևանությամբ միայն երեք տեղում են տեղադրված այսպես կոչված պառկած ոստիկանները, իսկ բնակիչները համարում են, որ դրանք քիչ են։
Գյուղում ասֆալտապատ ճանապարհը 1400 մ երկարությամբ է, իսկ մայթ կառուցվել է ընդամենը 200 մ: Կաջո գյուղի ճանապարհն ասֆալտապատվել է 2019 թվականին:
Գյուղի ճանապարհի վերականգնողական աշխատանքները սկսվել էին 2019 թ-ին: Առաջին փուլում՝ 2019 թվականին, ասֆալտապատվել է Բարալեթ-Կաջո ճանապարհահատվածը։ Ծախսվել է 583 400 լարի։ Երկրորդ փուլում ասֆալտապատել են Կաջո-Ալաթուման հատվածը, ծախսելով 511 620 լարի։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 1 095 020 լարի։ Աշխատանքներն իրականացրել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։
Նշենք, որ ասֆալտապատման աշխատանքների նախագծով մայթ նախատեսված չի եղել, շինարարները ճանապարհը կառուցել են ըստ նախագծի։
Քաղաքապետարանի գույքի և պլանավորման ծառայության մասնագետ Վահան Բաթոյանն ասաց, որ այն տարիներին, երբ մունիցիպալիտետում վատ ճանապարհները շատ էին, այն ժամանակ նախագծերը գծվում էին առանց մայթերի, ավելի շատ ճանապարհներ վերականգնելու նպատակով։
«Այդ ժամանակ անհրաժեշտ էր որքան հնարավոր է արագ ասֆալտապատել ճանապարհները, և մենք առանց մայթերի նախագծեր էինք կազմում: Գյուղական բոլոր ճանապարհների ասֆալտապատումը կավարտենք, հետո արդեն կանցնենք մայթերին: Պետք է ասֆալտապատել Ազավրեթ, Խավեթ, Աբուլ գյուղերի ճանապարհները: Մարդիկ ճիշտ են դժգոհում, բայց հիմա միջոցներ չունենք, ժամանակի ընթացքում կանենք: Թող բնակիչները դիմեն իրենց գյուղի լիազորին, կոլեկտիվ նամակ գրեն, որ ուզում են, որ գոնե ճանապարհի մի կողմից մայթ սարքեն: Թող գրեն նաև պառկած ոստիկանների համար: Մենք, երբ ֆինանսներ հայտնվեն, կկառուցենք»,- ասաց Վահան Բաթոյանը:
Կաջո և Սիրկվա. հին ու նոր խնդիրներ