Չնայած, որ այս տարի գազարի բերքը նվազել է, սակայն գնաճ տեղի չի ունենում: Բեժանո գյուղի բնակիչները գազարի իրացման խնդրի առաջ են կանգնած: Գյուղում հեկտարներով գազար են աճեցնում, բայց բարձր գնով վաճառել չեն կարողանում:

Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում գազարի բերքահավաքն արդեն սկսվել է: Մարդիկ շտապում են նարնջագույն բերքը հողից հանել և հնարավորինս բարձր գներով վաճառել:

Գյուղացիները դժգոհում են շուկայում գազարի գնից: Վալոդյան 70 հար հողատարածք է գնել գազար աճեցնելու համար, սակայն ստացած բերքն անակնկալի է բերել ֆերմերին:

«70 հար գազարից, արդեն 25 հարը քանդել եմ: Շատ դժգոհ եմ, սպասելիքներս ոչ մի կերպ չարդարացան: Ճիշտ է դեռ հավաքածս բերքն ամբողջովին չեմ վաճառել, բայց շուկայում գազարը գին չունի: Շուկան է թելադրում գինը, որքան եղավ, ստիպված այդ գնով էլ կվաճառեմ, բայց իմ ծախսերի նվազագույն մասը չեմ կարողանա փակել»,- ընդգծում է Բեժանո գյուղի բնակիչը։

Գյուղում նշում են՝ այս տարի գազարի դաշտերում, գազարից շատ մոլախոտ է աճել: Չնայած, որ անցած տարվա համեմատ կրկնակի գազարի քիչ բերք է սպասվում, միևնույն է գյուղում գազարի գինը չի բարձրանում:

«Գազար չկա, 70 թեթրի է այն դեպքում, երբ նվազագույնը մեկ լարի պետք է լիներ։ Ախալքալաքում մեր շուկայի ամենաէժան բանջարեղենն է: Բերք չկա, բայց միևնույն ժամանակ բարձր գին չունի», – ասում է Բեժանո գյուղի բնակիչ Ա․ Հովսեփյանը։

Բեժանոցիների խոսքերով, գազարի հիմնական գնորդները վերավաճառողներն են: Շուկան ինչ գին թելադրի, գյուղացին ստիպված հարմարվում է, որ բերքը չփչանա:

Գազարի բերքահավաքն սկսվում է սեպտեմբերի կեսերին և ավարտվում հոկտեմբերին: Հավելենք, որ Բեժանո գյուղը շրջանում հայտնի է գազարի մշակությամբ:

Ռիմա Մառանգոզյան