Չնայած տարեց տարի ավելի ու ավելի շատ քայլեր են ձեռնարկվում աղբահանությունը պատշաճ կարգով իրականացնելու համար, միևնույն է Ախալքալաքի և գյուղերի «այցեքարտը» շարունակում է մնալ աղբը: Ախալքալաքում «Թափոնների կառավարման» անցած հնգամյա պլանը հիմնական նախանշված նպատակներին չի հասել, պատճառները տարբեր են՝ ֆինանսական միջոցների սղությունից մինչև բնակչության վերաբերմունք: Քաղաքապետարանը նոր ռազմավարություն է մշակել և անցել առաջիկա հինգ տարիների պլանի իրագործմանը, որի հիմնական նպատակն է՝ տեսակավորել և վերամշակել աղբը:
Կուլիկամում մեկ տարի տեսակավորում էին թափոնները
Մելսիդա Մարաբյանն այն մարդկանցից է, ով փորձում էր Կուլիկամ գյուղում բնակիչներին բացատրել աղբի հասցրած վնասի մասին և ներդնել թափոնների տեսակավորման սկզբունքը:
«Օրինակ. իմ տատիկը ամբողջ աղբը հավաքում և գետն էր լցնում, նրա համար աղբը ջուրը լցնելն էր մաքրություն, ոչ միայն իմ տատիկի համար էր այդպես, այլև բոլոր մեծահասակները նույն կերպ են մտածում: Բայց մեր սերունդն արդեն գիտի, որ աղբը ջուրը լցնելու դեպքում ինչ վնաս ենք հասցնում բնությանը»,- ասում է «Թափոնների կառավարում» ծրագրի կոորդինատոր Մելսիդա Մարաբյանը:
Մելսիդա Մարաբյանը «Թափոնների կառավարում» նախագծի իրագործման ընթացքում: Նկարը՝ Մելսիդայի ֆեյսբուքյան էջից
Կուլիկամի երիտասարդական կենտրոնը 2021-22 թվականներին մի քանի ծրագիր է իրականացրել գյուղում աղբահանության և աղբի տեսակավորման ուղղությամբ: Սկզբում տեղեկատվական հանդիպումներ են անցկացրել, երիտասարդներին իրազեկել աղբի տեսակավորման և վերամշակման կարևորության մասին, այնուհետև՝ անցել գործնական քայլերի:
«Թրեյնինգներ անցկացրեցինք, պոստերներ սարքեցինք, արկղներ տեղադրեցինք, որից հետո սկսեցինք աղբը հավաքել ու տեսակավորել: Սկզբում մեզ միացավ գյուղի դպրոցը, այնուհետև՝ հանդիսությունների սրահը, դպրոցից թուղթ էին բերում, իսկ հանդիսությունների սրահից՝ շշեր», – պատմում է Մելսիդան:
Մեկ տարում Կենտրոնի երիտասարդները 600-700կգ պլաստիկ, ապակի և թուղթ են ուղարկել Թբիլիսիում գնտվող վերամշակման գործարան, քանի որ Ախալքալաքում և տարածաշրջանում այդպիսինները չկան:
Կուլիկամի երիտասարդական կենտրոնի աղբի տեսակավորման և վերամշակման մեկամյա ծրագիրը շատերին է զարմացրել, քանի որ այն նորություն էր ոչ միայն Կուլիկամում, այլև ամբողջ շրջանում: Ծրագրի ավարտից մեկ տարի անց այս գյուղում հազվադեպ և եզակիները, բայց շարունակում են հավաքել ու տեսակավորել աղբը: Գյուղի կենտրոնում տեղադրված աղբամանները հաճախ են լցվում պլաստմասե շշերով ու թղթով: Մելսիդան վստահ է՝ մեկ-երկու ծրագրով ընդհանուր պատկերն անհնար է փոխել, բայց շարունակական քայլերի դեպքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:
Աղբահանությունը Ախալքալաքի գյուղերում
Ախալքալաք քաղաքում և շրջանի 64-ից միայն 43 գյուղերում է կանոնավոր աղբահանություն իրականացվում Ախալքալաքի սպասարկման կենտրոնի կողմից: Քաղաքի փողոցներում և մունիցիպալիտետի կենտրոնական ճանապարհներին տեղադրված աղբարկղներից աղբահանումը կատարվում է ամեն օր, իսկ գյուղերում՝ շաբաթական երեք օր: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ հիմնականում ծայրամասային շուրջ 21 գյուղում աղբահանություն չի կատարվում՝ աղբամանների և հատուկ տեխնիկայի ոչ բավարար քանակի պատճառով: Այդ գյուղերում բնակիչներն իրենց ուժերով են աղբահանություն իրականացնում՝ «սեփական տնից հեռու» սկզբունքով:
Մունիցիպալիտետի բոլոր գյուղերը սպասարկելու համար Սպասարկման կենտրոնին հարկավոր է նվազագույնը 5 նոր աղբատար և աղբահան մեքենա ձեռք բերել, ինչպես նաև՝ աղբամաններ։
Այս տարվանից Ախալքալաքի մունիցիպալիտետում կսկսեն աղբը տեսակավորել և ուղարկել վերամշակման:
«Արդեն նախատեսել ենք և այս տարի համապատասխան աղբամաններ կգնենք: Առաջինը կփորձարկենք քաղաքում, այնուհետև՝ մոտակա գյուղերում, սկզբնական շրջանում նախատեսում ենք ընդհանուր աղբից առանձնացնել պլաստիկը, թուղթը և ապակին: Այստեղ ակնկալում ենք մեր բնակչության ըմբռնումով մոտեցումն ու օգնությունը», – ասում է Քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքային ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։
Իսկ Ախալքալաքի բնակիչները վստահ են, որ աղբը կշարունակի գյուղերի «այցեքարտ» մնալ այնքան ժամանակ քանի դեռ պատկան մարմինները համապատասխան պայմաններ ստեղծելու փոխարեն, ամբողջ մեղքը բարդում են բնակչության ցածր ինքնագիտակցության վրա:
«Ախալքալաքում բան չի փոխվի, քանի դեռ մեր իշխանությունները աղբահանության ամենատարրական խնդիրը չեն լուծել: Աբսուրդի ժանրից է՝ գյուղում աղբաման չկա կամ կա մի քանի հատ, որը բավարար չէ այդ գյուղի համար, իսկ իրենք պահանջում ու ամբողջ մեղքը բարդում են գյուղացու գիտակցության վրա: Իզուր գյուղացուց մի ակնկալեք, որ աղբը չթափի, ստիպված ենք թափում հասկանում եք», – ասում է Ախալքալաքի շրջանի բնակիչ՝ Մարինե Ղազարյանը:
Բեժանոյի բնակիչները աղբը թափում են գյուղ տանող ճանապարհին
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը, որը պատասխանատու է մունիցիպալիտետի քաղաքում և գյուղերում աղբահանության համար, հիմնադրման առաջին տարում՝ 2018 թվականին տեղական բյուջեից 847 000 լարի է ստացել: Արդեն 2022 թվականին Կենտրոնի բյուջեն կազմել է 905 900 լարի, իսկ այս տարի՝ 1 015 000 լարի:
Քաղաքում և գյուղերում, որտեղ աշխատում է Սպասարկման կենտրոնը բնակիչները վճարում են աղբահանության համար, սակայն ծախսերի համեմատ, բնակիչներից գանձվող գումարը սիմվոլիկ է: Յուրաքանչյուր մարդ աղբահանության համար վճարում է 50 թեթրի, նախկին՝ 40-ի փոխարեն, իսկ, եթե ընտանիքի անդամները 4-ից ավելի են, ապա այդ գումարը գանձվում է միայն 4-ից: Իրավաբանական անձիք 1մ³ կենցաղային աղբի դիմաց՝ թե նախկինում, թե հիմա վճարում են 25 լարի:
Բացառված չէ, որ այս հինգ տարիների ընթացքում Ախալքալաքի շրջանում աղբահանության վճարը բարձրանա:
«Հավաքված գումարը շատ քիչ է, կարելի է ասել, որ սիմվոլիկ գումար է: Առաջիկա հինգ տարիներին մենք պետք է հասնենք նրան, որ աղբահանության ծախսն ամբողջությամբ փակվի բնակիչների վճարումներից և վերամշակումից ստացած հասույթից», – ասում է Փամփուխչյանը:
2018 թվականին Ախալքալաք քաղաքում և գյուղերում ընդհանուր առմամբ տեղադրված էր 278 աղբարկղ (յուրաքանչյուրը 1,1մ³ տարողությամբ): Այսօրվա տվյալներով, ընդհանուր տեղադրված է 521 աղբաման, որից 456 հատը՝ 1,1 մ³, 56-ը՝ 0,5 մ³ և 9-ը՝ 5,5 մ³ տարողությամբ կոնտեյներ:
Սպասարկման կենտրոնը տարեկան միջինը հավաքում է մինչև 30000 մ³ աղբ: Սակայն քաղաքապետարանում կոնկրետ հաշվարկած չէ, թե տարեկան ի՞նչ ծավալի թափոն է գոյանում Ախալքալաքի մունիցիպալիտետում:
Ախալքալաքում, գյուղերում, ճանապարհաեզրերին, գետերում ու ձորերում, ամենուր կարելի է հանդիպել աղբի: Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ այս պատկերը կփոխվի միայն այն դեպքում, եթե բնակիչները և քաղաքապետարանը միասին և համակարգված գործեն: Քաղաքային իշխանությունները «Թափոնների կառավարման» առաջիկա 5 տարիների պլանում, մասնավորապես նշել են, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար տուգանքի կիրառումը և մշտական վերահսկողությունը լրջորեն կարող է փոխել իրավիճակը:
Այս պատկերը հանդիպում է շատ գյուղերի ծայրամասերում
Արհեստական լիճ Խանդոյի աղբավայրի փոխարեն
Խանդո գյուղի աղբավայրը տասնամյակների պատմություն ունի: Արհեստական ձևավորված աղբավայրը բնակիչներն իրենք են «հիմնել», որովհետև նախկինում գյուղերում աղբահանություն առհասարակ չէր իրականացվում: Իսկ հիմա իրականացվում է, սակայն ոչ այն չափով, որպեսզի արհեստական աղբանոցի անհրաժեշտություն չլինի: Տարին 1-2 անգամ գյուղացիները հող են լցնում, տրակտորով հարթեցնում, որպեսզի քամին աղբը շատ չտարածի:
Չնայած այսօր Խանդո գյուղում 10 աղբարկղ է տեղադրված, յուրաքանչյուրը 1,1մ³ տարողությամբ, իսկ աղբավայրի մոտ 1 կոնտեյներ՝ 5,5մ³ տարողությամբ, միևնույն է արհեստական աղբավայրում աղբը պակասելու փոխարեն ավելանում է:
Խանդոյի բնակիչների կողմից «հիմնված», գյուղից ոչ շատ հեռու գտնվող աղբավայրը
Քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքային ծառայության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով, 2023 թվականին Խանդոյի արհեստական աղբավայրն ամբողջությամբ կմաքրվի, քանի որ այնտեղ քաղաքապետարանը նախատեսում է արհեստական լիճ կառուցել:
Աղբանոցից մինչև վերամշակում
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին, որն ընկնում է Նինոծմինդայի տարածքում 2012-13 թվականներին պետության կողմից 2000 մետր/քառակուսի մակերեսով տարածք է հատկացվել Ախալքալաք և Նինոծմինդա շրջանների աղբը մի վայրում հավաքելու նպատակով: Հատկացված տարածքի ուղիղ կեսն արդեն իսկ աղբով է ծածկված:
Աղբավայրը սպասարկում է «Վրաստանի կոշտ թափոնների կառավարման ընկերությունը», որը գործում է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը կից:
Ժամանակավոր աղբավայրը՝ Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին
Աղբավայրը հիմնվել է, որպեսզի երկու շրջանների աղբը հավաքվի, այնուհետև տարվի աղբի վերամշակման գործարան: Հետաքրքրական է, բայց Սամցխե-Ջավախքում աղբի վերամշակման գործարան չկա, չնայած, որ Վրաստանի Տարածքային ենթակառուցվածքների նախարարությունը դեռ 2018 թվականից խոստանում է, որ աղբի վերամշակման գործարան կկառուցվի Ասպինձայում, որտեղ կմշակվի Սամցխե-Ջավախք տարածաշրջանի ամբողջ աղբը: Մինչև հիմա նման գործարան չկա:
Ըստ Վրաստանի կոշտ թափոնների կառավարման ընկերության ավագ օպերատոր Գուրամ Կեկիշվիլիի՝ դեռ 2020 թվականին պետք է սկսվեր գործարանի կառուցումը, սակայն ամեն տարի տարբեր պատճառներով հետաձգվում է: Մինչ այդ ընկերության աշխատակիցներն ամեն երեք օրը մեկ աղբավայրում կուտակված աղբը տեղում կոնսերվացնում են:
Օրական այս աղբավայր է բեռնաթափվում 12-13 մեքենա աղբ
«Շինարարությունը 2020-ին չի կատարվել, բայց ես ինչքան տեղյակ եմ տարածքն արդեն վերցված է, այնտեղ գարնանը պետք է որ սկսվի աղբի վերամշակման գործարանի կառուցումը: Փոքր աղբանոցները կլինեն, բայց աղբը կտեղափոխվի վերամշակման գործարան հատուկ մեքենաներով», – ասում է Գուրամ Կեկիշվիլին:
Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում ընդհանուր 4 աղբավայր կա՝ Ասպինձայում, Ախալցիխեում, Բորժոմիում և Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին:
Մոտակա տարիներին Վրաստանը պլանավորում է կոնկրետ արդյունքների հասնել աղբահանության և վերամշակման հարցում, ինչին պետք է հասած լիներ մինչ այս՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում:
Մինչև 2026 թվականը Վրաստանը պետք է կազմակերպի նոր միջազգային ստանդարտների աղբավայրերի և աղբաթափման կայանների աշխատանքը։ Վրաստանը մտադիր է փակել գոյություն ունեցող բոլոր աղբավայրերը և ամբողջ երկրում ստեղծի միայն 10 նոր սանիտարական աղբավայր: Այս մասին կարդում ենք՝ «Թափոնների կառավարման 2022-26 թվականների Ազգային գործողությունների ծրագրում», որը հաստատվել է 2022 օգոստոսի 8-ին կայացած կառավարության նիստում։
Ծրագրի մեկ այլ կարևոր բաղադրիչ է բոլոր բնակավայրերում մունիցիպալ աղբահանության նոր ծառայության ներդրումն ու կենցաղային թափոնների առանձնացված աղբահավաքը:
Ախալքալաքի քաղաքապետարանը ևս լրացնելու է բացթողումները՝ ընթացիկ հինգ տարիներին: Ծրագրվում է. 2023-24 թվականներին, փուլ առ փուլ մաքրելով վերացնել մունիցիպալիտետի տարածքում ստեղծված բոլոր արհեստական աղբավայրերը: Նաև աղբի տեսակավորման համար համապատասխան աղբամաններ ձեռք բերել: 2023-ին նախատեսվում է հատուկ համազգեստ գնել, փողոցների մաքրման կոնկրետ ժամանակացույց մշակել, զբոսաշրջային վայրերում տեղադրել և ավելացնել աղբամանների քանակը: Ինչպես նաև տվյալների քարտեզ ստեղծել, որում նշված կլինի աղբամանների տեղադրության վայրը և վիճակագրական վերլուծությունը: Իսկ 2024 թվականին պարեկային ծառայության համար մեքենա գնել: 2023-26 թվականներին 4 հատուկ տեխնիկա գնել՝ թղթի, ապակու, պլաստիկի և օրգանական աղբի հավաքման և տեղափոխման համար: 2023-27 թթ.-ին կոմպոստացման փորձնական տեղամաս ստեղծել:
Ախալքալաքում այս տարվանից աղբը կտեսակավորեն
Եթե համեմատենք աղբահանության իրավիճակը մի քանի տարի առաջ և այսօր, ապա շատ տեղերում այն կտրուկ փոխվել է, բարելավվել, չնայած որոշ տեղերում մնացել է նույնը: Բայց, հաշվի առնելով հասարակության զարգացման մակարդակը և այդ զարգացմանը հասնելու ձգտումն ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Ախալքալաքում, խնդրի առկայությունը՝ գյուղերի մուտքերի մոտ եղած «այցեքարտերի» տեսքով այսօր չպետք է լիներ: Նոր, հնգամյա ծրագիրը նախատեսում է այդ «այցեքարտերի» վերացումը, սակայն կհասնի արդյո՞ք ծրագիրը նպատակին, ցույց կտա ժամանակը: