Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղը հյուրերին «դիմավորում» է արհեստական աղբավարի տեսարանով։ Աղբավայրը երկար տարիներ է չի մաքրվում։ Այդպիսի տեսարան ապահովում են ոչ միայն Բեժանո գյուղի, այլև հարևան գյուղերի բնակիչները։

Գյուղի բնակիչները հասկանում են, որ այդտեղ թափելով աղբը կեղտոտում են բնությունը, սակայն ասում են, որ ուրիշ ելք չունեն, աղբը թափելու այլ տեղ չկա։

1

Բեժանոյում Մամբրե Դեմուրճյանը վստահեցնում է, որ ինքը տեսակավորում է աղբը։

«Ես ամեն անգամ, ամեն օր այդ բանն եմ ասում՝ աղբամանը դրած է, աղբը մեջը լցրեք, իսկ փչացած կարտոֆիլը, գազարը, կարմիր ճակնդեղը լցրեք Ձեր դաշտերի մեջ։ Երբ գալիս են մեր գյուղի աղբամանները մաքրելու չեն դատարկում, քանի որ մեջը կարտոֆիլ, գազար է լցրած։ Մենք՝ բնակիչներս ենք լցնում, բայց կա նաև մի բան, նախ գյուղում ընդամենը երկու աղբաման կա, և երկրորդ ուշ-ուշ են մաքրում։ Ես մեկ տարի է աղբ թափած չունեմ այդտեղ, մենք առանձնացնում ենք ապակե շշերը, իսկ մնացածը կինս հավաքում վառում է։ Մարդիկ նույնիսկ խոտն են տանում լցնում աղբամաններ, շատ բան ժողովրդից է կախված։ Ինչը վառելու է, առանձնացրեք ու վառեք»։

5

Բեժանոյում կա երկու արհեստական աղբավար, մեկը հենց գյուղի սկզբնամասում, մյուսը՝ գյուղ չհասած, մոտ մեկ կմ հեռավորության վրա։ Այս աղբավայրերում միայն Բեժանոյի բնակիչները չեն լցնում աղբ, այլև՝ Բալանթայի, Չխարոլայի, Մոլիթի, Տաբածղուրիի։ Ինչպես գյուղացիներն են ասում՝ այս երևույթը տարիներով ձևավորված «մշակույթ» է։ Ախալքալաք գնալու ճանապարհին աղբը պարկերով բերում լցնում են այդտեղ։ Լինում են դեպքեր, որ հարևան գյուղերից գիշերով են լցնում աղբը, որպեսզի մարդիկ չտեսնեն։

7</

Գյուղի սկզբում առկա աղբամանները մաքրում են Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի աշխատակիցները։

Ինչպես աղբարկղների մեջ, այնպես էլ դրանց կողքին փչացած գազար ու կարտոֆիլ է թափած։ Մենք հետաքրքրվեցինք գյուղացիներից, արդյո՞ք իրենց չեն զգուշացրել, որ նմանատիպ աղբը չի կարելի լցնել աղբամանների մեջ, պարզվեց նրանք տեղյակ են, բայց շարունակում են նույն բանն անել։

3

«Միշտ էլ ասում եմ, որ աղբամանների քանակն ավելացնեն։ Աղբահանությունը մնացել է։ Ժողովուրդը ամոթից ձայն չի հանում, բոլորը մտածում են վատամարդ չլինելու մասին։ Մի ամբողջ գյուղի համար ընդամնեը երկու աղբաման է տեղադրված։ Ճիշտ է, ես չեմ ասում, որ բնակիչներն իդեալական են, բայց, եթե աղբարկղների քանակը շատ լինի, ճանապարհին աղբակույտեր չեն լինի»,-ասում է Բեժանո գյուղի բանկիչներից Սևակը։

4

Գյուղի ներկայացուցիչ Մարտիրոս Մարտիրոսյանի խոսքով, տեղական իշխանությունները խոստացել են աղբամանների քանակն ավելացնել։

«Երբ ավարտվի գյուղի ճանապարհների ասֆալտապատումը, ըստ պահանջի՝ անպայման կտեղադրվեն նոր աղբամաններ, ինչքան պետք լինի։ Իսկ ինչ վերաբերվում է արհեստական աղբավայրերին, ապա ձյունը հալվեց տեսանելի դարձավ, Սպասարկման կենտրոնի օգնությամբ անպայման կմաքրենք այդ տարածքները», – ասում է Մարտիրոս Մարտիրոսյանը։

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասաց, որ Բեժանո գյուղում ասֆալտապատման աշխատանքների ավարտին պարտադիր կտեղադրվեն աղբամաններ:

«Մինչև ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեն, մենք էլ նոր աղբամաններ կունենանք: Կգնանք և կհաշվենք, քանի հատ է անհրաժեշտ, ըստ այդմ՝ կավելացնենք»:

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝