Բուղաշենում գյուղացիներն ամեն տարի նույն խնդրի առաջ են կանգնում: Այն է՝ գետն աղբից մաքրելու:

aghb

Բուղաշենցիները հոգնել են խոստումներից, որոնք ամեն տարի չեն իրականանում:

«Ինքնակառավարման մարմինները խոսք են տալիս, որ կգան և կմաքրեն, բայց այնքան ժամանակ չեն մաքրում գետը, որ ստիպված մեր ուժերով ենք մաքրում գետն ու գյուղի արոտավայրերը:

Ինչպես նշում են Բուղաշենի  բնակիչները՝ աղբը գետն են լցնում վերևի գյուղերի բնակիչները:

aghbakuyt

«Դիմել ենք, որ գան մաքրեն, չեն եկել, մենք էլ ինչքան ենք սպասելու, շուտով անասունները դուրս կգան, այդ տարածքում հողատարածքներ ունենք, ստիպված ամեն մարդ իր տարածքն է մաքրում», – ասում է  Բուղաշեն գյուղից Արտյոմը։

Երբ Jnews-ը գյուղում էր, բնակիչները սեփական ուժերով էին մաքրում դաշտավայրերը: Նրանց խնդրանքն է օգնել իրենց, որ մաքրեն գետը։

maqrel

«Ամեն տարի մաքրում ենք այս տարածքը, մեր մոտ ցանծաղ է գետը և աղբը հավաքվում է: Մենք էլ հավաքում ու վառում ենք։ Այստեղ մեր անասուններն են արածում,  բնական խոտ է աճում, հնձում ենք խոտհունձի ժամանակ: Հիմա եկել ենք մաքրելու, գոնե գան, մաքրեն, մի քիչ էլ գետը խորացնեն։ Աղբը լցվում է գետ, ջուրը բարձրանում և լցվում է դաշտերը։ Մեր խնդրանքն ու պահանջը մեկն է՝ օգնեն մեզ մաքրենք գետը», – ասում է Բուղաշենի բնակիչ Ափոզյան Օֆելիան։

shsher

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում, երբ ինքնակառվարման մարմինների ներկայացուցիչները եղել են Բուղաշենում, գյուղապետը ներկայացրել է աղբի խնդիրը: Այդ ժամանակ խոստացել են, որ տեխնիկա կուղարկեն և գետը կմաքրեն, սակայն մինչև այսօր խոստացված տեխնիկան գյուղ չի հասել:

«Գյուղացիները մաքրում են, ինչ անենք, պետք է մաքրել, ասել ենք չեն եկել մաքրելու», – ասում է գյուղի մասնագետ Սահակյանը։

zibil

Քանի որ գյուղի բնակիչներն աղբը հավաքել են և դեռ չգիտեն ինչպես վարվել դրա հետ՝ ո՞ւր տանել, կամ կարելի՞ է արդյոք այն վառել, դրա համար Jnews-ը դիմեց Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանին: Վերջինս խոստացավ, որ վաղն առավոտյան աղբատար մեքենան կլինի գյուղում և գյուղացիների հավաքած աղբը կտեղափոխի: