Բեժանո գյուղում երկու տարուց ավելի է, ինչ չորս աղբարկղ է տեղադրվել, բայց, միեւնույն է, գյուղի մուտքի մոտ արհեստական աղբանոցը կրկին դիմավորում է բոլոր մուտք գործող մարդկանց։
Բեժանո գյուղում, ըստ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի, երկու տարուց ավելի է, ինչ աղբամաններ են տեղադրված։ Մինչ աղբամանների տեղադրումը գյուղացիներն ասում էին, որ գոյացած աղբակույտի պատճառն աղբարկղերի բացակայությունն էր, իրենք աղբը նետելու տեղ չունեն, ուստի գյուղից հեռանալիս ստիպված են աղբը նետել մուտքի մոտ։
Աղբարկղերը տեղադրված են հանրային դպրոցի մոտակայքում, որը նույնպես գտնվում է գյուղի մուտքի մոտ, արհեստական աղբանոցից մի փոքր հեռու, գյուղին մոտ։
«Աղբարկղերը դրված են դպրոցի մոտ, պետք է, որ գյուղին բավականացնի, աղբը հանվում է օրը մեկ: Հենց նորերը պատվիրենք, գյուղում էլի աղբամաններ կավելացնենք»,- ասաց Մխիթար Ռստակյանը։
Բեժանոյի մուտքի արհեստական աղբանոցը գոյություն ունի երկար տարիներ։ Վերջին տարիներին, գարնանը, Սպասարկման կենտրոնը արհեստական աղբանոցներից աղբը հանում է, հույս ունենալով, որ դրանք կանհետանան, բայց շատ տեղերում, նույնիսկ աղբարկղերի առկայության դեպքում, աղբակույտերը կրկին գոյանում են։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, Բեժանո գյուղի աղբավայրը, միջոցների սղության պատճառով, այս տարի չի մաքրվել։ Վերջին անգամ աղբը հանվել է անցյալ տարի։ Այդ ժամանակ, ինչպես Jnews-ի հետ զրույցում հայտնել էր Ռստակյանը, 400 խոր/մ աղբ էր հանվել։ Թեեւ նա հույս ունի, որ կգտնվեն գյուղական արհեստական աղբավայրերից աղբը հեռացնելու համար միջոցներ։
Նշենք, որ նման իրավիճակ է գրեթե բոլոր գյուղերում, որտեղ ծայրամասերում գոյացել են հսկայական, արհեստական, աղբավայրեր։