Բեժանո գյուղի բնակիչները կենցաղային աղբը թափում են գյուղի մուտքին: Աղբամաններ այս գյուղում չկան, նրանք ստիպված են արհեստական աղբավայր ստեղծել: Միևնույն ժամանակ բեժանոցիները բողոքում են, որ կուտակված աղբը չեն մաքրում: Իսկ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից տեղեկացնում են, որ այս տարի 120մ³ աղբ են հեռացրել այդ տարածքից:

Աղբակույտերը՝ գյուղերի այցեքարտ

Ախալքալաքի շրջանի բազմաթիվ գյուղերում, այդ թվում՝ Բեժանոյում աղբարկղներ չկան: Մարդիկ ստիպված աղբը թափում են ուր պատահի: Արդյունքում գյուղերի մուտքերին մեծ աղբակույտեր են գոյանում:

«Տարիներով աղբը չեն հեռացնում, ամոթ է, գյուղ եկողն առաջինն աղբն է տեսնում: Բողոքում ենք, ասում են ընդդիմադիր ես, լռում ես, ասում են՝ ինչի չես խոսում: Չգիտես, ինչ անես, որ ճիշտ լինի»,- ասաց Բեժանո գյուղի բնակիչներից մեկը:

Ախալքալաքի շրջանում աղբահանությունն իրականացնում է Սպասարկման կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը նշում է, որ գյուղերում աղբահանության խնդիրն իրենց օրակարգում է, սակայն միջոցների բացակայության պատճառով չեն կարող պարբերաբար աղբահանություն իրականացնել:

«Այս տարի մենք մի անգամ այդ աղբավայրը մաքրել ենք, շուրջ 120մ³ աղբ տեղափոխել ենք Նինոծմինդայի աղբավայր: Այդտեղ աղբ են թափում ոչ միայն բեժանոցիները, այլև մոտակա՝ Չխարոլա, Մոլիթ և այլ գյուղերի բնակիչները: Մինչև այս տարվա վերջ աղբահանության ծրագիր չունենք»,- ասում է Արմեն Բիչախչյանը:

Իսկ, այն հարցին, թե Բեժանո գյուղում ե՞րբ կտեղադրվեն աղբամաններ Սպասարկման կենտրոնում չեն նշում:

«Հիմա որևէ ժամկետ չեմ կարող նշել: Միայն Բեժանոն չէ, քաղաքին մոտ գյուղերում նույնպես աղբաման չունենք», – ասում է Սպասարկման կենտրոնի տնօրենը:

Տարին մեկ կամ երկու անգամ աղբահանություն կատարելը, լիարժեք պատկերացում է տալիս շրջանի հատկապես հեռավոր գյուղերում տիրող հակասանիտարական իրավիճակի մասին:

zibilikyan

zibilik