Շրջակա միջավայրի մաքրության հարցը բավականին սուր է Ախալքալաք-Կարծախ ճանապարհին։ Ցանկացած օր Ախալքալաքից դուրս գալիս կամ Կարծախից Ախալքալաք մտնելիս նույն անտանելի, հակահիգիենիկ վիճակին ենք ականատես լինում: Ախալքալաքի սպասարկման ծառայությունից հայտնում են, որ տվյալ ճանապարհի սպասարկումն իրենց լիազորությունների մեջ չի մտնում, սակայն քաղաքապետի հրահանգով ժամանակ առ ժամանակ աղբահանություն են իրեականացնում նշված տարածքում։
Ախալքալաք-Կարծախ միջպետական նշանակության ճանապարհաեզրերին առկա աղբակույտերի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դեռևս ցանկալի արդյունքը չեն տալիս, չնայած սանիտարական մաքրության հարցը՝ թե կենտրոնական, թե տեղական իշխանության ուշադրության կենտրոնում է, և, նրանց խոսքերով՝ այդ ուղղությամբ պարբերական աշխատանքներ են ընթանում, միևնույն է արդյունքը գոհացուցիչ չէ։
Ախալքալաքի քաղաքապետարանի սպասարկման կենտրոնը տարին մեկ-երկու անգամ շաբաթօրյակ է կազմակերպում և տարածքը մաքրում կուտակված աղբից։ 2023 թվականի գարնանն ու աշնանը Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրել են տարածքը, սակայն՝ անօգուտ։
«Անցած տարի երկու անգամ ձեր կողմից նշված ճանապարհաեզրերը մաքրել ենք, բայց դա հարցի լուծում չէ։ Տեղյակ եմ, որ հիմա Ախալքալաք-Կարծախ ճանապարհի գրեթե ամբողջ երկյանքով աղբ է կուտակված, սակայն մենք այս պահին աղբահանություն իրականացնելու հրահանգ չունենք այդ տարածքում։ Բանն այն է, որ տվյալ ճանապարհի սպասարկումը մեր կենտրոնի պարտականությունների մեջ չի մտնում, բայց նորից եմ ասում՝ քաղաքապետի հրահանգով մաքրում ենք», – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Տարանցիկ բեռնատարների վարորդներն աղբը թափում են ուր պատահի։
Բանն այն է, որ տվյալ պահին ճանապարհաեզրերին կուտակված աղբից ազատվելով, աղբահանության խնդիրը չի լուծվում: Եթե պարբերաբար չի հեռացնում աղբը, այլ դա արվում է ամիսը մեկ-երկու, կամ տարին մեկ-երկու անգամ, պարզ է, որ աղբի խնդիրը միշտ արդիական է լինելու։
Ախալքալաք-Կարզախ մայրուղին գտնվում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության պատասխանատվության ներքո: Սակայն ընկերության տնօրենի խոսքով, տարածքը աղբից մաքրելը իրենց պարտավորություների մեջ չի մտում և իրենք չեն կարող ամեն օր աղբ հավաքել։
«Ճիշտ է ճանապարհը մեր պատասխանատվության տակ է, բայց մեր գործը ճանապարհի հարթեցումն ու բարեկարգումն է, ոչ թե աղբահանությունը: Ամեն մի մեքենայի հետևից մաքրել չենք կարող։ Պատկան մարմինները պետք է վերահսկողություն սահմանեն, մեկ երկուսին տուգանեն, որ չկեղտոտեն», – հայտնում են «ՋավախԱվտոԳզա» ընկերությունից։
Ախալքալաք-Կարզախ մայրուղով երթևեկելիս տպավորություն է, որ տարիներով աղբահանություն չի իրականացվել՝ ամենուր ապակե ու պլաստմասե շշեր են, ուտելիքի մնացորդներ, պոլիէթիլենային տոպրակներ․․․։
Քանի դեռ մեր քաղաքապետարանում աղբը չնախատեսված վայրում թափելու համար ոչ ոք չի պատժվում, ապա երաշխիք չկա, որ աղբը հեռացնելուց հետո տվյալ տարածքը նորից աղբատեղի չի դառնա։
Կարդացեք նաև՝