Ընտանեկան դժվարին կյանք, որդեգրում և միայնակ ծերություն. Նինա տատիկն այս ամենի մեջ մեղադրում է միայն իրեն, բայց այս ամենից նա քաղել է կյանքի գլխավոր դասը:

Նինա տատիկին հանդիպեցինք, երբ նա պայուսակը ձեռքին գնում էր դեպի խանութ։ 80-ամյա Նինա Պետրոսյանը ապրում է Թոթխամ գյուղի ծայրամասում՝ համարյա Կորխ գյուղի մուտքի մոտ։ Ցույց տալով իր տան ճանապարհը՝ նա մատնացույց է անում կարմիր տանիքով մեկուսի տունը, որի մոտ երեք ծառ կա։

Дизайн без названия - 1

Բակում աքաղաղն ու հավերը ետ ու առաջ են գնում, տատիկը դժգոհում է, որ մոռացել է փակել նրանց։ «Կեսին աքիսներն են տարել, կենդանի ոչինչ չեն թողնում»:

Անմիջապես մտնում ես խոհանոց, որտեղ բետոնե հատակին պահարաններ ու զանազան սպասք կա, հին կահույքի մեջտեղում կանգնած է մոխրագույն լվացքի մեքենան։ Խոհանոցից հետո մի սենյակ կա, որտեղից մտնում ես մյուսը։ Առաջին սենյակն ունի փայտի վառարան, սեղան, հեռուստացույց և մահճակալ։ Այս չորս պատերի մեջ տարիքն առած այս կինն իր ամբողջ ժամանակը միայնակ է անցկացնում։

Նինա Պետրոսյանը ծնվել է այն տարում, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը՝ 1941թ-ին: Ինչպես ինքն է ասում, պատերազմի տարում ծնված լինելով՝ կյանքն անցել է կռվով: Նինա տատը ծնվել է Ախալքալաքի Խորենիա գյուղում։ Ինչպես ինքն է պատմում, ավարտել էր 7-րդ դասարանն ու ամուսնացել՝ իրապես ոչինչ չհասկանալով։

«Ինձ խաբեությամբ համոզեցին, որ ամուսնանամ: Ամեն ինչ հետո իմացա: Իմացա, որ նախկինում դատապարտված է եղել, թե ինչի համար՝ չգիտեմ, կամ ինչ-որ բան է գողացել, կամ ուրիշ բանի համար: Անմիջապես հաջորդեց հարսանիքը: Եթե իմանայի՝ չեի ամուսնանա նրա հետ: ինձ կնության առավ, 4 ամիս միասին ապրեցինք: Հետո նրան տարան բանակ, բանակից հետո վերադարձավ, հետո 5 տարով կրկին բանտ նստեց, պայմանական դատապարտություն ուներ՝ հարվածել էր ոստիկանին և նրան նստեցրել էին: Նա այդ ժամանակ ինձ ասաց, որ գնամ, քանի որ 5 տարի նստելու է: Բայց ես պատասխանեցի, որ ոչ, ես սիրում եմ նրան: Բանտից հետո նա վերադարձավ և սկսեց ավելի վատ վարվել ինձ հետ: Նա սարսափելի խանդում էր, ինձ ասում էր ման եկող: Ծեծում էր և ինձ, և սկեսուրիս: Երիտասարդ տարիներին շատ գեղեցիկ էի, լուսանկար չեն մնացել, ամուսինս պատռել է ամեն ինչ, նույնիսկ շիրմաքարին դաջելու համար բան չի մնացել, ահա այդպիսին էր նա»,- պատմում է նա:

Ամուսինը մահացել է 60 տարեկանում՝ մինչ այդ վաճառելով այն ամենը, ինչ ուներ Նինա տատիկը, այդ թվում՝ ոսկեղենը:

«Ամբողջ ոսկեղենս ծախեց, ամբողջը խմեց: Ասում էր, որ ամեն ինչ պիտի վաճառի, որ ինձ բան չմնա»։

Նինա Պետրոսյանի ևս մեկ ցավոտ տեղմ այն է, որ ինքն ու ամուսինը՝ Ժոժիկը երեխաներ չունեցան:

«Ամուսինս ամուլ էր, այն ժամանակ ես նրան առաջարկեցի երեխա որդեգրել: Նա չուզեց: Ինձ ստիպում էր աշխատել, ինչ ունեինք, կարտոֆիլն ու մնացածը, տանում ու վաճառում էր, խմում էր ու կյանքը վայելում իր համար: Խոպանից բերում էր տարբեր անբարո կանանց: Մենք բաժանվում էինք, հետո միանում: Ես դեռ այդ ժամանակ պետք է որոշեի իմ ճակատագիրը: Հիմա արդեն ուշ է ամեն ինչի համար զղջալ, մեղավորը ես եմ»:

Дизайн без названия - 1

Սակայն 80-ականների սկզբին նրանք, այնուամենայնիվ, որոշեցին երեխա որդեգրել։

«Մենք գնացինք Ուկրաինա, Սիմֆերոպոլ, այնտեղ մի աղջկա որդեգրեցինք: Նա ռուսերեն էր խոսում, չգիտեմ ինչ ազգության էր: Հիմա նա 40 տարեկան է, իսկ երբ որդեգրեցինք 2-3 տարեկան էր։ Շատ խելացի աղջիկ է։ Ամուսնացած է Վալեյում՝ հայի հետ, ունի երեք երեխա։ Տեսակցում է ինձ, բայց ոչ հաճախ։ Նա ապրում է հեռու և իր հոգսերն իրեն հերիք են։ Նա միշտ գիտեր, որ մենք իրեն որդեգրել ենք։ Ամուսինս՝ դրա մասին մոռանալու հնարավորություն չի տվել, նա միշտ գոռում էր, որ ես նրա մայրը չեմ»:

Տատիկը դստերից բացի ունի հարազատներ, մեծ քույրը Խաշուրիում է, կրտսեր քույրը՝ Խորենիայում և բազմաթիվ հարազատներ 6 քույրերից և 2 եղբայրներից բաղկացած, բայց ամեն մեկն ունի իր հոգսերն ու խնդիրները։

Дизайн без названия - 1

Չնայած իր տարիքին և ցավով լի կյանքին, Նինա տատը չի կորցրել իր ոգևորությունն ու կյանքի նկատմամբ սերը։ Թեև դեռ կան խնդիրներ, որոնք նա ի վիճակի չէ լուծել։

«Վախենում եմ մի տեղ գնամ, իմ տուն գողեր էին մտել, փող էին գողացել: 500 լարի պահել էի, թոշակիցս էի խնայել: Փոշեկուլն էին գողացել, 2-3 դույլ հացահատիկ էին տարել, երկու գազի բալոն ու մանրուք: Նոր տարուց առաջ էր դա տեղի ունեցել: Ես մի քանի հոգու կասկածում եմ, բայց ոչ ոքի ձեռքից չեմ բռնել, ում կարող եմ մեղավոր հանել: Դիմել եմ ոստիկանություն, կանչեցին թաղայինին, ասաց, որ փնտրում են: Ի՞նչ են փնտրում: Դիմել եմ գյուղի մասնագետին էլ, արդյունք չկա»։

Ձմռանը ջեռուցումն ապահովվում է փայտի վառարանով, թեև նա ունի գազ, բայց Նինա տատիկը խոստովանեց, որ վախենում է գազի վառարան տեղադրել: Նրա համար մեկ այլ խնդիր է նաև ջուրը, ավելի ճիշտ՝ ջրի բացակայությունը։ Թեեւ այս գյուղում առանց դրա էլ ջրի հետ կապված խնդիրներ կան, սակայն Նինա տատիկի ջուրը վերջերս սառել է։

«Տանը ջուր ունեի, լվացքի մեքենա գնեցի, նորը: Իսկ հիմա ջուր չկա ու այն չի աշխատում: Մի անգամ մասնագետ եկավ ու ասաց՝ քիչ ջուր բաց թողնեմ, ես այդպես էլ արեցի, և ահա, ջուրը սառել է: Արդեն 3 ամիս է ջուր չկա: Ի՞նչ անել, ումի՞ց պահանջել: Ամեն ինչ իմ մեղքն է»,- ասում է Նինա Պետրոսյանը։

Իր 80 տարիների ընթացքում Թոթխամի բնակչուհին եկել է իր եզրակացություններին:

«Ես մեծացրել եմ իմ աղջկան, անընդհատ ծեծի եմ ենթարկվել: Ես սիրում էի նրան: Շատ եմ ափսոսում, որ կյանքն այսպես դասավորվեց: Ափսոսում եմ, որ չբաժանվեցի, վախենում էի: Իզուր չէ, որ ասում են՝ ռիսկը գործի կեսն է: Այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ։ Ամեն մարդ պետք է տնօրինի իր կյանքը: Ես դա անել չկարողացա»: