Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետը 100 000 լարի է հատկացրել գյուղերի ու քաղաքի ճանապարհները ձյունից մաքրելու համար: Այս աշխատանքների տենդերն արդեն հայտարարվել է:
Ախալքալաքի մունիցիպալիտետը երեկ հայտարարել է 100 000 լարիի չափով տենդեր՝ Ախալքալաքի փողոցներում և Բավրա, Դիլիսկա, Դավնիա, Օրջա, Ազավրեթ, Ալաթուման, Խանդո գյուղերի ճանապարհների ձնեամաքրման և ազդանյութ (ռեագենտ) լցնելու համար: Սպասարկվող գյուղական ճանապարհների ընդհանուր երկարությունը 174 կմ է: Ընդհանուր առմամբ նախատեսված է 1173.5 ժամ աշխատանք և 70 տոննա ռեագենտ:
Տենդերային փաստաթղթերի համաձայն, այն շահող ընկերությունը պետք է կատարի իր պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից միոնչև դեկտեմբերի 31-ը: Տենդերը բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը:
2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը ձնեմաքրման և ազդանյութ լցնելու համար հատկացրել էր 99 998 լարի, սակայն «Ջավախ Ավտո Գզա»-ն տենդերը շահել է 97 997 լարի գումարի չափով: