Դեկտեմբերի 22-ին Ախալքալաքում բացվեց գյումրեցի գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը, նվիրված Աստվածաշնչյան թեմաներին՝ «Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք»:
Ցուցահանդեսին ներկայացված էր 25 աշխատանք։ «Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք»՝ ցուցահանդեսի խորագիրն ու թեման պատահական չեն ընտրվել: Մանրանկարչության այս եզակի ստեղծագործությունները դա գեղանկարչուհի-քրիստոնյայի պահքի արտահայտման յուրօրինակ միջոցն է:
«Այս աշխատանքներն իմ անցած տարի պահք պահելու ձևն է եղել, այս ընդունելությունը, ոգևորությունը ինձ թև է տալիս, որպեսզի շարունակեմ թեման: Այս անգամ արդեն Քրիստոսի հրաշագործություններին կանդրադառնամ, որովհետև այդ հրաշագործությունները ոչ միայն բարության դասեր են, միգուցե շատ պրիմիտիվ պատմություններ են, բայց շատ մեծ փիլիսոփայություն կա դրանց մեջ», – ասաց Սուսաննա Մկրտչյան գեղանկարչուհին:
Ցուցահանդեսը բացեց և օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։
«Գյումրեցի գեղանկարիչ, մանրանկարիչ Սուսաննա Մկրտչյանի լավագույն գործերը: Ջավախքը եղել է և շարունակում է մնալ ոչ միայն արվեստասեր, այլ արվեստ արարող շրջան, և այդ արվեստ արարող շրջանը, ինչպես որ մարդու զարկերակներն են, միշտ արյուն պիտի սնուցվի, սնունդ սնուցվի, նույնը նաև պիտի այդ սնունդը տրվի մեր արվեստարար և արվեստասեր հասարակությանը», – նշեց սրբազան հայրը:
Միաժամանակ ավելացնելով, որ փոխառաջնորդարանը Ջավախքում լինելու է արվեստի և մշակույթի կենտրոններից մեկը:
Առաջնորդարանի դահլիճը բազմամարդ էր: Ներկա էին ամենատարբեր բնագավառի մարդիկ: Սա Սուսաննա Մկրտչյանի առաջին անհատական ցուցահանդեսն էր Ջավախքում: Նկարչուհին խոստանում է, որ հաճախ կայցելի Ջավախք, կլինեն վարպետության դասեր ու այլ ցուցահանդեսներ:
«Ամեն անգամ մեծ հուզմունք եմ ապրում, ճիշտ է արդեն 40-ից ավելի անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել, սակայն այսօր Ջավախքում եմ: Սա ուրիշ է, իմ սրտի խոսքն ուզում եմ ասել իմ հայրենակիցներին, իմ արյունակիցներին, Ջավախքը ես համարում եմ Շիրակ աշխարհի շարունակությունը, մենք նույնն ենք, նույն հողը, նույն ջուրը, նույն լեռները, նույն տաղանդը», – ասաց հայտնի նկարչուհին:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում կախված ամեն մի նկար, մի հոգեվիճակ էր, հերոսի նկարագիր, դեմքի արտահայտություն, գաղափարախոսություն, որ առավել խոսուն էր, քան յուրաքանչյուր հնչեցված խոսք:
Ցուցահանդեսն ուղեկցվում էր Ախալքալաքի Երաժշտական դպրոցի սաների երաժշտական կատարումներով:
Աղունիկ Այվազյան