Արդեն երկու շաբաթ է, ինչ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրում են Ախալքալաք-Կարծախ պետական ավտոճանապարհի ճամփեզրերի աղբը, որը սպասարկում է ավտոՃանապարհային գործակալությունը։ Աշխատանքները տարվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունների որոշմամբ և ֆինանսավորմամբ։ Մինչ օրս հավաքվել է մոտ 238 խոր/մ աղբ։

Ապրիլի 6-ին, տասչորսերորդ օրն է, երբ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի 15 աշխատակից Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհի երկու կողմերից հավաքում են աղբը, որը կուտակվել է մոտ մեկ տարվա ընթացքում Թուրքիա կամ հակառակ ուղղությամբ բեռնատարների հոսքի ավելացման պատճառով։ .

Ամեն օր, ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի, իրենք հավաքում են մեկուկես-երկու մեքենա աղբ: Մեկ մեքենայի տարողությունը 17 խոր/մ է։

musor

«Այսօր մենք մաքրել ենք գյուղի տարածքը ու արդեն դուրս ենք եկել Կարծախից, մինչ «Կարծախ»-ի մաքսակետ ահագին կա, դեռ 3 օր երեւի կպահանջվի, որ վերջնականապես մաքրենք ամբողջ մայրուղին: Աղբը հավաքում ենք ոչ միայն ճամփեզրերից, այլ նաև անտառներից ու հարակից ողջ տարածքից: Հատկապես մաքսատան մոտ է խիստ աղտոտված»,- ասաց Մխիթար Ռստակյանը։

Սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրման աշխատանքները սկսել են Վաչիան գյուղից։

ochistka

Ճանապարհի խիստ աղտոտումը սկսվեց 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ այս ճանապարհով բեռնափոխադրումների հոսքը կտրուկ ավելացավ։ Բեռնատարները օրեր շարունակ հերթի մեջ էին կանգնած՝ աղտոտելով տարածքը կենցաղային աղբով։

Աղբ՝ Ախալքալաքից Կարծախ տանող ճանապարհին

Աղբանոցի է վերածվել Ախալքալաք-Կարծախ մայրուղու հարակից տարածքը

Նշենք, որ «Ախալքալաք-Կարծախ» ճանապարհի սպասարկումը տեղական իշխանությունների իրավասությունների մեջ չի մտնում։ Ճանապարհը սպասարկում է «Ջավախ Ավտո Գզա» ՍՊԸ-ն՝ Ճանապարհային վարչության պատվերով։ Jnews-ը բազմիցս կապ է հաստատել ընկերության հետ, պարզելու, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու ընկերությունը ճամփեզրերի մաքրման համար, և միշտ պատասխան է ստացել, որ տարածքը աղբից մաքրելը իրենց պարտականությունների մեջ չի մտնում։

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանն ասում է, որ ավտոճանապարհը մաքրվել է իրենց որոշմամբ, իսկ հետագա հսկողությունն ու սպասարկումը իրենց գործը չէ։

«Մենք մեր շրջանի համար անում ենք այն, ինչ կարող ենք անել, մենք չենք կարող վերահսկել, որովհետև նման լիազորություններ չունենք: Թե ով կվերահսկի հետո, կմաքրի, մենք չգիտենք: Քանի դեռ խոտածածկը չի աճել, որոշեցինք մաքրել, այլապես հետո մաքրումն ավելի դժվար կլիներ»: