Մանկապարտեզներն ամբողջ Վրաստանում, այդ թվում նաև Ախալքալաքի մունիցիպալիտետում, անցնում են նոր ստանդարտների. Մանկապարտեզների խոհանոցում, գազօջախների փոխարեն, կլինեն էլեկտրական սալօջախներ:
Պետական մակարդակով, անցած տարվա վերջին ընդունվել են մանկապարտեզների նոր ստանդարտներ, որոնք պետք է իրականացվեին այս տարի:
«Մենք հրահանգ ստացանք փետրվարին, պետք է անցնեինք, բայց համավարակը խանգարեց, մանկապարտեզները փակվեցին, իսկ ահա այժմ մենք ուզում ենք արդեն տենդերը հայտարարել: Իմանալով այս մասին, անցած տարի մունիցիպալիտետը գումար էր հատկացրել էլեկտրական սալօջախներ գնելու համար: Միակ խնդիրն այն է, որ մեր մանկապարտեզներում էլեկտրական լարերը չեն համապատասխանում, բայց հետո ասացին, որ միայն երկու մանկապարտեզում է լինելու եռաֆազ հոսանք, մնացածում կլինեն սովորական էլեկտրական սալօջախներ, և որևէ խնդիր չի լինի, դրանք համապատասխանում են », – ասում է Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը:
Վերջինիս խոսքով, եռաֆազ էլեկտրականություն կլինի միայն թիվ 2 և 3 մանկապարտեզներում, և նա արդեն դիմել է «Energo Pro Georgia»- ին այս մանկապարտեզներում եռաֆազ էլեկտրականություն անցկացնելու խնդրանքով: Մունիցիպալիտետում մնացած մանկապարտեզները պատրաստելու են սովորական հոսանքով:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումն առաջիկա օրերին կհայտարարի էլեկտրական սալօջախներ գնելու տենդերը, մունիցիպալիտետը գնելու է 12 էլեկտրական սալօջախ, այդ թվում՝ Չունչխա, Պտենա և Սուլդա գյուղերի դեռևս չբացված մանկապարտեզների համար:
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 12 մանկապարտեզ, որից երեքն այլընտրանքային են: