Ախալքալաք-Կարծախ մայրուղու ճանապարհաեզրերը վերածվել են աղբանոցի։ Դեռ մայիս ամսից մայրուղու ողջ երկյանքով օրերով  բեռնատարներ են կայանում և հենց այդ բեռնատարների վարորդներն էլ կեղտոտում են շրջակա տարածքը։

kext

Պլաստմասե շշեր, պոլիեթիլենային տոպրակներ, ծխախոտի տուփեր, մեկ անգամյա օգտագործման ափսեներ, անձեռոցիկներ, տարբեր տեսակի ուտելիք, այս շարքն անվերջ կարել է թվարկել։ Մայրուղու 25 կմ ճանապարհաեզրերը «զարդարված» են աղբով։

shsher

Մայրուղու հարակից գյուղերի բնակիչներն ասում են, բազմիցս անդրադարձել են այս թեմային, բողոքել, բայց՝ ապարդյուն։

Դադեշի բնակիչներից մեկն ասում է, որ շատ անգամ են զգուշացրել, տեղեկացրել են նաև գյուղապետին և այլ պատասխանատու անձանց:

«Չեմ հիշում քանի անգամ ենք ասել, ճանապարհի մոտ իմ կարտոֆիլի դաշտն է, աղբանոց է դարձել։ Մի քանի անգամ մենք ենք մաքրել, բայց ինչքան է այդպես հնարավոր», – ասում է Դադեշի բնակիչը։

aghb

Վաչիան գյուղի բնակիչները այս խնդրին լուծում տալու նպատակով նույնիսկ ճանապարհ են փակել:

«Ճանապարհը փակեցինք, որ բողոքեցինք, ոստիակնները եկան ասացին, որ եթե մի անգամ էլ փակենք, մեզ կնստեցնեն: Ստիպված գյուղացիներն ամեն մեկն իր տան դիմացի տարածքն է մաքրում, բայց ինչքան կարելի է այսպես: Պետք է ինչ-որ կազմակերպություն լինի, որ զբաղվի այս հարցով», – ասաց գյուղի բնակիչը։

Վաչիան գյուղի մասնագետ Ֆեոդր Թորոսյանն ասում է, գյուղում ճանապարհ փակելու փորձ եղել է, սակայն ոչ է աղբի համար, այլ ճանապարհից բարձրացող փոշու պատճառով, որն էլ արդեն լուծվել է։

«Ինչ վերաբերում է աղբին, ասեմ, որ միշտ աղբ եղել է, քանի որ բեռնատարների վարորդները վարելուց էլ պատուհանից դուրս են նետում, կանգնելուց հետո ավելի է շատացել։ Ինչքան որ հնարավոր է, մենք մաքրում ենք, շաբաթօրյակներ ենք անում: Աշխատողներ էլ կան, որ մաքրում են, մի երկու անգամ տեսել եմ, թե ովքեր են եղել այդ աշխատողները չեմ կարող ասել», – ասաց գյուղի մասնագետը։

zibil

Վերջինս նշում է, ճանապարհի վրա աղբամաններ կան, սակայն բեռնատարի վարորդը չի կանգնում, որ աղբամանի մեջ թափի,  պատուհանից դուրս է նետում։

Այդ ճանապարհահատվածին տեղադրված աղբամանները դատարկ են:

Ախալքալաք-Կարծախ մայրուղու աղբահանման աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը:

«Մենք շաբաթը մեկ անգամ մաքրում ենք, մենք չենք կարող ամեն խոզի հետևից մաքրել, մենք հավաքարար չենք, մենք շինարար ենք։ Մենք մաքրում ենք, որ մաքուր լինի, իսկ նրանք կեղտոտում են։ Պետք է օրենք սահմանել, որ յուրաքանչյուրին տուգանեն։ Այսօր մաքրում ենք, վաղը նույն վիճակն է լինում», – ասաց ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն։

Ինասարիձեն նաև հավելում է, որ նրանք իրավասություն չունեն, որ մարդկանց զգուշացնելու կամ տուգանելու, որպեսզի տարածքը չկեղտոտեն։