Մարտի 2-ին Ախալքալաքի հոսպիտալում կատարվել է բացառիկ վիրահատություն՝ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում։ Հոսպիտալի բժիշկները վիրահատել են 88-ամյա Օլյա Մրտիրոսյանի կոնքազդրը, ինչը ջարդվել է ընկնելու հետևանքով։

Ախալքալաքի հոսպիտալում կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում երկար տարիներ է չէր կատարվում, քանի որ համապատասախան սարքավորումներ և գործիքներ չկային։ Հիմա արդեն հնարավոր է կատարել այդպիսի վիրահատություն, ինչպես նաև հիվանդներ հնարավորություն ունեն ընտրելու ավելի բարձրակարգ էնդոպրոթեզներ, պետական ծրագրերից դուրս, գործում է նաև համավճարային համակարգ։ Հոսպիտալում կա ամերիկյան, գերմանական, թուրքական տեսակի էնդոպրոթեզներ, այնպես ինչպես մնացած մեծ կլինիկաներում։

votq virahatutyun

«Շաբաթ օրը մենք կատարել ենք առաջին վիրահատությունը, կոնքազդրային հոդակապի էնդոպրոթեզավորում, ժամանակակից, բարձր որակի էնդոպրոթեզով, 88 տարեկան կնոջ, ով այսօր իր ոտքով պետք է տուն գնա։ Մենք ուզում ենք մեր ժողովրդին տեղեկացնել, որ անհրաժեշտության դեպքում կարող են դիմել մեզ, և ստիպված չգնալ այլ քաղաքներ»,- ասաց Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Օլյա Մարտիրոսյանը Բուզավեթ գյուղից է, տան մեջ ընկել է ու կորտել ազդորսկրը։ Բժիշկների աշխատանքից շատ գոհ է։ Այսօր դուրս է գրվում հիվանդանոցից և իր ոտքով գնում տուն։

tatik

Թորոյանը նշեց, որ այս վիրահատություը դասվում է բարդ վիրահատությունների շարքին։

«Տատիկի վիրահատությունը բարդ վիրահատություն էր, ֆրագմենտալ կոտրվածք էր, այսինքն՝ մասերի էր բաժանված ազդրոսկրը, ստիպված ենք եղել հավաքել, էնդոպրոթեզը դժվարությամբ ենք դրել, բայց ստացվել է շատ հաջող և նորմալ, հաշվի առնելով նրա տարիքը։ Սա մեր նպատակներից մեկն էր, որն իրականացրինք»,- ավելացրեց նա։

Ալեքսան Թորոյանը նշում է՝ արյան բազա ունեն, անհրաժեշտության դեպքում վիրահատությունից առաջ համապատասխան խմբի և ռեզուսի, քանակի արյուն կունենան։

Վերոնշյալ վիրահատությունը կատարվել է բարեփոխումների շրջանակներում, որոնք ակտիվ ընթանում են հոսպիտալում։

«Ախալքալաքի հոսպիտալը պետք է անցանի Գերմանական չափանիշների համապատասխան ակրեդիտացիա, սերտիֆիկացում, այսինքն՝ հիվանդանոցը պետք է անպայման համապատասխանի այդ պահանջներին։ Ըստ երևույթին, սա կապված է այն բանի հետ, որ Վրաստանն արդեն անդամակցել է եվրամիությանը, որպես թեկնածու երկիր, ու բոլոր ոլորտները, ընդ որում՝ առողջապահության ոլորտը, բերվելու է ընդահանուր եվրոպական չափանիշների։ Շատ բարդ և դժվար գործընթաց է, բայց կարևոր է, արդյունքում շահում է հիվանդը, այսինքն բարձրակարգ ծառայություններ կմատուցվեն»,- հավելեց Թորոյանը։

Նա նաև նշեց, որ վերափոխվում են բոլոր չափանիշները։

«Յուրաքանչյուր մահճակալի համար համապատասխան քառակուսի մետր պետք է ունենաք, համապատասխան պարագաներով ու հակաբակտերիալ լուծույթներով։ Հիմա այդ գործընթացում ենք և ամբողջ հիվանդանոցում կատարվում են բավականին լուրջ վերափոխման աշխատանքներ։ Սկսած շինարարական աշխատանքներից, զուգահեռաբար սկսվել է տեխնիկական հագեցվածության հարցերի լուծումը։ Բավանակին լուրջ, ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխան սարքավորումներ և գործիքներ ենք ստացել»,- ավելացրեց Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Փորձագետների առաջին այցն Ախալքալաքի հոսպիտալ նախատեսվում է մարտի 20-ին, մինչև սեպտեմբեր հիվանդանոցը պետք է համապատասխան հավաստագիր ստանա։ Ըստ այդմ՝ ամբողջ անձնակազմով, գիշեր-ցերեկ աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի հասցնեն։

Կարդացեք նաև՝ Ախալքալաքի հիվանդանոցը համալրվել է նոր սարքավորումներով