Ախալքալաք-Բակուրիանի ճանապարհը գտնվում է քարուքանդ վիճակում, ճանապարհի յուրաքանչյուր մետրի վրա մեծ փոսեր են գոյացել։
Արագվա-Կոթելիա ճանապարհը վերանորոգվել է 2017 թվականին, ՍՊԸ «Ա.Ա.Բ» ընկերության կողմից, որը հայկական կազմակերպություն է գրանցված Վրաստանում։ Կազմակերպությունը տենդերը հաղթել էր 4 000 000 լարիով:
2020 թվականին նույն ճանապարհին կատարվեցին ճանապարհի փոսային վերանորոգման աշխատանքներ, որն իրականացնում էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։
Սակայն, չանցած մեկ տարի ճանապարհը ոչ թե քանդվել է տեղ-տեղ, այլ ամբողջ երկյանքով։ Վարորդները մշտական դժգոհություն են հայտնում, որ մեքենաները ջարդվում են այս ճանապարհով երթևեկելուց, սակայն ուրիշ հնար չունեն։
«Ինձ թվում է մեր պետությունից անտեր պետություն չկա, կամ մեր շրջանն է անտեր։ Սա ինչ վիճակ է, զարգացած պետությունը կարո՞ղ է ունենալ այսպիսի ճանապարհներ։ Ամբողջ շրջանում այսպիսի ճանապարհներ են, մինչև Ասպինձա, դրանից հետո ոչ մի վնասված ճանապարհ։ Մենք էլ կարծում ենք, թե նորմալ տեղ ենք ապրում, մեր տերը մարդ կա՞, ասում են բողոքեք, է բողոքի, ինչքան ուզում ես, ո՞վ է բանի տեղ դնում: Ժողովուրդը հոգնել է արդեն այս անտերությունից»,- ասում է օրը մի քանի անգամ այս ճանապարհով երթևեկող վարորդը։
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է. «Այդ ճանապարհը պատկանում է Ճանապարհային վարչությանը, միակ բանը, որ մենք կարող ենք անել, դա նրանց տեղեկացնելն է ճանապարհի վիճակի մասին։ Մենք դա արել ենք, նրանք մեզ ասել են, որ տենդեր-մրցույթն արդեն հայտարարված է, և երբ ավարտվի, պայմանագիր կնքվի, ապա կսկսվի փոսային աշխատանքները»: