Ախալքալաքի հոսպիտալի վիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքներում վերակառուցում է ընթանում։ Ինչպես նաև հիվանդանոցը համալրվել է ժամանակակից սարքավորումներով։
Հրապարակվել է առողջապահության նախարարության մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ հիվանդանոցները, որոնց թվում է Ախալքալաքի հոսպիտալը, պարտավոր են բավարարել որոշակի չափորոշիչների։
«Հիվանդանոցը շարունակում է գործել որպես հիվանդանոց և սպասարկում է սովորական ռեժիմով, զուգահեռաբար ընթանում է վերակառուցում։ Ցանկացած մահճակալ վիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքներում պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Յուրաքանչյուր մահճակալի համար պալատում պետք է ունենանք նվազաագույնը 13,5 քմ տարածք, եթե սենյակը փոքր է և երկու մահճակալ է դրված, ուրեմն մի մահճակալը դուրս է գալիս։ Նման խնդիր ունենք վերակենդանացման բաժանմունքում, որովհետև մահճակալների քանակը 6-ն է, տարածքը չի բավարարում», – ասում է Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Նաև Ախալքալաքի հիվանդանոցը դիալիզով հիվանդների համար վերակենդանացման բաժանմունքում պետք է դիալիզի ապարատով հագեցված մահճակալով սենյակ ունենա։
Ըստ Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի՝ նախարարության հրամանը բավականին խիստ է։
«Հարցն այսպես է դրված՝ վերակենդանացման և վիրաբուժական ծառայություններ ունենալու կամ չունենալու։ Եթե չենք բավարարելու սերտիֆիկատը չի երկարացվելու», – ասում է նա։
Էլեկտրական կառավարմամբ, բազմաֆունկցիոնալ մահճակալներ
Հատկանշական է, որ վերակառուցման աշխատանքներին զուգահեռ Ախալաքալաքում ընթանում են վիրահատություններ, հիվանդանոցը շարունակում է պացիենտներին սպասարկել 24-ժամյա ռեժիմով։
«Աշխատանքները վերջին, ավարտական փուլում են և մոտավոր մի շաբաթից վերստուգիչ հանձնաժողովը կայցելի մեր հիվանդանոց, որպեսզի ստուգելուց հետո սերտեֆիկացնեն և լիցենզիաները նորից երկարացվեն։ Ստացել ենք այդ հրամանագրերին համապատասխան բոլոր սարքավորումները, նվազագույնը 2022 թվականից ցածր արտադրության սարքավորումներ հիվանդանոցը չպետք է ունենա, բոլոր սարքավորումները պետք է համապատասխանեն եվրոպական չափորոշիչներին»,- ասում է Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։