2021-2022 թվականներին Ախալքալաքի շուկայի տարածքում կաթնամթերքի համար հատուկ շենք կառուցվեց, որի համար ծախսվեց 38 հազար լարի։ Շինարարությունն ավարտվել է, շենքը պատրաստ է օգտագործման, սակայն այն դատարկ է։ Կաթնամթերք վաճառողները հրաժարվում են այդ շենքում վաճառել իրենց մթերքը։

Երկար տարիներ կաթնամթերք վաճառողներն Ախալքալաքում իրենց մթերքը իրացնում էին փողոցում։ Իսկ երբ արգելվեց փողոցային առևտուրը, այդ տարածքից նույնպես հանեցին առևտրականներին, նրանց տրամադրեցին այդ նորակառույց շենքը, սակայն առևտրակնները չմտան այնտեղ, ասում են շենքում շատ ցուրտ է։ Նրանք հիմա իրենց ապրանքն իրացնում են գյուղատնտեսական շուկայի տարածքում։

2

«Շենքում շատ ցուրտ է, մանավանդ ձմռանը այդտեղ կանգնել հնարավոր չէ։ Արև ընդհանրապես չենք տեսնում, եթե շենքում կանգնեմ երկու կիլոգրամ պանիր վաճառեմ, 4 կիլոգրամի գումար էլ դեղի եմ տալու։ Նորմալ պայմաններ չկան աշխատելու համար։ Լինում է օր, որ ընդհանրապես չենք վաճառում»,- ասում են վաճառողները։

Կաթնամթերք վաճառողները գյուղերից են հասնում քաղաք, սակայն լինում է այնպիսի օր, որ նույնիսկ ճանապարհածախսի գումար չեն վաստակում։

Ասում են, որ հիմնականում լավ առևտուր եղել է այն ժամանակ, երբ Ռուսթավելի փողոցում էին առևտուր անում։

«Այդտեղ այնքանով էր լավ, որ կենտրոնում շատ խանութներ, դեղատներ կան և ժողովուրդը մտնում էր խանութ, կամ դեղատուն, դուրս գալուց մեզ մոտից առևտուր էին անում և այդպես գոնե մի քիչ գումար էինք վաստակում, իսկ հիմա անգամ շուկայի մեջ չենք կարողանում իրացնել մեր ապրանքը»։

Գյուղացիները վաճառում են՝ ձու, կաթ, պանիր, կարտոֆիլ, կարմիր բազուկ, ավելուկ, փոխինդ, գազար և այլ գյուղատնտեսական մթերք։ Այդ մթերքներից մի քանիսը շատ քիչ է վաճառվում, օրինակ՝ ավելուկը, փոխինդը հիմնականում գնում են Ռուսաստանից եկածները։

1

Քաղաքի բնակիչները հիմնականում կաթնամթերքը գնում են իրենց ծանոթ գյուղացիներից։ Սակայն նշում են, որ լավ կլինի շուկան գործի, հատուկ աշխատանքային ժամեր ունենա, որպեսզի սպառողն իմանա, որ անհրաժեշտության դեպքում կարող է մաքուր, անարատ կաթ կամ պանիր գնել։

Մինչ առևտրականները դրսում են կանգնում, շենքը քաղաքապետարանի որոշմամբ վարձով է տրվում։

Շուկայի տնօրեն Արարատ Սահարյանն ասում է․

«Առևտրականներն իրենք չեն ուզում շենքում կանգնել, շենքը գործում է։ Մենք այս դեպքում ոչինչ չենք կարող անել, իրենք ուզում են դրսում կանգնել։ Ինչ վերաբերվում է ջեռուցմանը, ապա եթե մարդ է կանգնում սալօջախ (պլիտա) ենք միացնում, ընդհանուր ջեռուցման համակարգ չկա։ Հազվադեպ է լինում, երբ մարդիկ իրենց մթերքը թողնում են, որպեսզի հետ չտանեն, որ հաջորդ օրը նորից գան»։

Ինչ վերաբերվում է այն բանին, որ շենքը վարձակալության է տրվում, Սահարյանը բացատրում է՝

«Այդ շենքը որոշվոց վարձով տալու, այն ժամանակ, երբ Թբիլիսիից բանան վաճառող ընկերությունն ուզեց, քաղաքապետարանն այդպես որոշում կայացրեց, խոսքը ամբողջ շենքի մասին է։ Եթե հիմա էլ շուկայի հետ կապված՝ միրգ, կամ կաթնաթերք վաճառելու համար ուզենան, հնարավոր է։ Բայց եթե օրինակ խոսքը գնա լվացքի փոշու կամ այլ բանի մասին, այդպիսի բան հնարավոր չէ»։

Ինչ վերաբերվում է ընդհանուր շուկային, ապա այն գրեթե դատարկ է։

5

Հարկ է նշել, որ Պետական ​​աուդիտի ծառայությունն Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների գործունեության աուդիտ է անցկացրել։ Արդյունքում հայտնաբերվել են թերություններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների։ Այդ թերությունների մեջ է մտնում նաև 38 հազար լարի ընդհանուր արժողությամբ կաթնամթերքի շենքը, որն այդպես էլ իր նպատակին չծառայեց։

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝

Ինչո՞ւ են վաճառողները շուկայից փողոց վերադառնում

Ախալքալաքի անավարտ և առանց գործառույթի մնացած օբյեկտները