Ախալքալաքի պանրի նոր շուկան վաճառողների պահանջները չի բավարարում, այն հիմնականում դատարկ է, գնորդներ չկան, պանիր վաճառողները ստիպված վերադառնում են հին վաճառատեղի։

Ախալքալաքի կաթնամթերքի շուկան, որը նոր և համապատասխան վայրում սկսել է գործել 2018 թվականից, այսօր հիմնականում գնորդներ չունի։ Շուկայում առևտրականների խոսքով բավարար պայմաններ չեն ստեղծված և նրանք ստիպված տեղափոխվում են Ռուսթավելի փողոց՝ հին «աշխատավայր», որտեղ մայթերին կաթնամթերք են վաճառում:

«Էն շուկայում պանիր չի վաճառվում, ժողովուրդն էլ չի մտնում, թե չէ, մեզ էլ հաճելի չէ այստեղ՝ արևի տակ նստել: Եթե նորից արգելեն չենք կանգնի, ինչ անենք», – ասում է մի առևտրական, ով շուկայում գնորդ չունենալու պատճառով կրկին տեղափոխվել է փողոց:

Կաթնամթերքի շուկայում աշխատելու համար մեկ քառակուսի մետրի համար 1․5 լարի են վճարում, և առևտրականի խոսքերով, դա նույնպես խտրական է արվում:

«Մենք կարող է զբաղեցնենք մի մետրից էլ քիչ, իսկ մեկ ուրիշը 5 մետր վերցնի ու նույն գումարը վճարենք», – դժգոհում է պանրավաճառը։

panir1

Կաթնամթերքի շուկան այսօր գրեթե ամբողջությամբ դատարկ էր։ Ինչպես պատմեց այստեղ իր ապրանքն իրացնող միակ վաճառողը, հիմնականում ամեն օր էլ դատարկ է, մեկ-մեկ գալիս ձու են վաճառում, երբեմն էլ կաթ, իսկ պանրի համար հազվադեպ են գալիս։

«Պանրի առևտուրը այնքան էլ լավ չէ, գործ չի լինում, բայց ինչ անենք ստիպված կանգնում ենք, փողոցում ավելի լավ է առևտուրը, բայց այստեղ փոշի, անձրև կարող է լինել, ինձ այստեղ էլ է հարմար», – միակ վաճառականը, ով կաթնամթերք է վաճառում Կաթնամթերքի շուկայում։

Ախալքալաքի բնակիչներն ասում են, որ սովոր էին այստեղ՝ Ռուսթավլի փողոցի վրա տեսնել կաթնամթերք և ավելի հարմար էր գնումներ կատարելու համար, հիմա «պարտավոր» են հասնել մինչև շուկա։

«Մենք կաթնամթերքը հիմնականում շուկայից ենք գնում, ու հիմնականում մեր ծանոթն ունեինք, հիմա ինչ տեղափոխվել է շուկան, նա այլևս չի գալիս, երևի ծախսը չի փակում», – ասում է Ախալքալաքի բնակիչներից մեկը։

«Նոր շուկայում, ով շուտ է գալիս հենց նա է դռան դիմաց կանգնում, ու հենց մեկը գալիս է ներս չհասած հետ են գնում, այսինքն հենց դռան մոտ կանգնողներից են միայն առնում։ Վառելանյութ ենք ծախսում, գյուղից ենք գալիս, տեղի փող ենք տալիս, ապրանքը չի վաճառվում։ Դա է պատճառը, որ հիմա այստեղ ենք, թե չէ մեզ էլ հաճելի չէ փողոցում առևտուր անել: Գոնե մի հարմարավետ տեղ լիներ, բոլորի համար հարմար լիներ», – ասում է պանրավաճառը, հույս հայտնելով, որ այս խնդիրը որևէ լուծում կստանա։

Ռիմա Մառանգոզյան