Ախալքալաքում՝ նախատոնական շրջանում, քաղաքը սկսել էին զարդարել դեռ երկու շաբաթ առաջ, իսկ այսօր Խաս Բախչա քաղաքային զբոսայգում տեղադրվում է Ախալքալաքի գլխավոր Ամանորյա տոնածառը։ Ամանորի նախաշեմին տոնակատարությունը կսկսվի դեկտեմբերի 25-ին։
Այս տարի, բացի Խաս Բախչա քաղաքային զբոսայգուց, տոնական է ձևավորվել Ախալքալաքի քաղաքապետարանի դիմացի փոքրիկ պուրակը, ինչպես նաև այս տարի վերանորոգված Ջիվանու զբոսայգին և Ելենա Ֆիգելի անվան փոքրիկ պուրակը։ Մշակույթի տան դիմաց հայտնվել է նաև ավանդական «2024» լուսային ինստալյացիա։ Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, տեղադրվում է քաղաքի գլխավոր տոնածառը։ Արդեն երկու տարի է, ինչ այն տեղադրվում է Խաս Բախչա քաղաքային զբոսայգում։
Ախալքալաքում տոնական միջոցառումը՝ ամանորյա տոնածառի լուսավառմամբ, կանցկացվի մեծ համերգային ծրագրով և հրավառությամբ, որի համար հատկացվել է 100 000 լարի։
Ավելին այս մասին՝
Ախալքալաքում պատրաստվում են Նոր տարին դիմավորել մեծ շուքով
Նշենք, որ այս տարի ամանորյա զարդարանքի համար առանձին հատկացվել է 56 700 լարի։
Ամանորյա լույսերի վառումը և տոնական միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։ Տոնակատարությունը կսկսվի ժամը 14:00-ին նվագախմբի և զգեստավոր կերպարների շքերթով: Ժամը 14:00-19:00-ն կգործի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, տեղական արտադրանքի, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, որտեղ կարող եք գնել նաև տաք ըմպելիքներ և քաղցրավենիք: Երեխաները կվայելեն մանկական տարածքը և ամանորյա խաղալիքների պատրաստումը:
Համերգներով հանդես կգան տեղի արտիստները։ Կլինի նաև իլյուզիոնիստների շոու, հեքիաթի հերոսների երթ, երեխաները կդիմավորեն Ձմեռ պապիկին։
Ելույթ կունենա թմբուկային նվագախումբը, իսկ տոնական միջոցառումների ավարտին՝ ժամը 17:00-19:00-ն, ախալքալաքցիները կվայելեն համերգը, որին ելույթ կունենան Ալեգրոն, Շոու Ռեզոն և երեխաները: Միջոցառումները կավարտվեն հրավառությամբ։