Ախալքալաքի Նալբանդյան-Ծերեթելի փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Մյասնիկյան փողոցում, արդեն երկու շաբաթ է ասֆալտի տակից խմելու ջուր է հոսում։ Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը կրկին խոստացավ վերացնել վթարը առաջիկա օրերին, իսկ վթարի վերացման հետաձգման պատճառ նշեց տեխնիկայի անսարքությունը։
Նալբանդյան-Ծերեթելի փողոցների խաչմերուկում ասֆալտի տակից ջուրը դուրս է գալիս ու հոսում միանգամից երկու ուղղությամբ՝ երկու փողոցներով։ Արդեն երկու շաբաթ է, ինչ Նալբանդյան և Ծերեթելի փողոցներով ջուրը հոսում է, իսկ Մյասնիկյանի բնակիչներն ասում են, որ չեն հիշում, որ այս տարի իրենց փողոցը չոր լիներ՝ առանց այդ արտահոսքի։
Սեպտեմբերի 8-ին Jnews-ը զանգահարել էր Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոն, պարզելու, թե երբ կվերացվի վթարը։ Այդ ժամանակ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին ասել էր, որ իրենք տեղյակ են վթարի մասին եւ երկրորդ օրը կվերացնեն այն։ Սակայն մեկ շաբաթ է անցել, բայց ջուրը դեռ հոսում է ասֆալտի վրայով ու քանդում այն։
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, JNEWS-ը կրկին զանգահարեց՝ պարզելու, թե ինչու վթարը չի վերացվել։ Ախալքալաքի միավորված ջրամատակարարման սպասարկման կենտրոնի տնօրենը պատասխանեց հետևյալը.
«Տրակտորն էր փչացել, բայց վթարը մոտ օրերս կվերացնենք: Ուրիշ գործեր էլ են եղել, այնտեղ ենք աշխատել: Գյուղերում խնդիրներ են եղել, մարդիկ խմելու ջուր չեն ունեցել»։
Ախալքալաքի փողոցներով խմելու ջուր է հոսում