Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհի սկզբնական հատվածը, ինչպես նաև բազում հատվածներ, պատված են դժվարանցանելի փոսերով։ Մայրուղու հարևանությամբ բնակվող բնակիչները դժգոհում են բազմաթիվ փոսերից և քանդված ասֆալտից։ Jnews-ը կապվեց Ճանապարհային գործակալության հետ, պարզելու, թե արդյոք պատրաստվում են հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել այս մայրուղու վրա։
Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհը վերականգնման կարիք ունի: Ճանապարհը կառուցվել է 2010թ.-ին: Դրանից հետո հիմնանորոգում չի իրականացվել, միայն մասնակի վերանորոգումներ են իրականացվել որոշ հատվածներում։ Նախկին թիվ 1 զինվորական ավանին հարող ճանապարհահատվածը, որը մոտ է քաղաքի շրջանցիկ ճանապարհի ճամփաբաժանին, այժմ քանդված վիճակում է, ամենուր խորը ու բազմաթիվ փոսեր են։
Բնակիչների խոսքով, իրենք մի քանի անգամ դիմել են համապատասխան կազմակերպությունների օգնությանը, սակայն խնդիրը լուծում չի ստանում։ Ամեն տարի Ախալքալաք-Կարծախ ճանապարհին իրականացվել են փոսային նորոգումներ, սակայն յուրաքանչյուր ձմեռվանից հետո քանդվածներն ու փոսերն ավելի են մեծանում ու խորանում։
Այս տարվա ձմեռվանից հետո Դադեշ գյուղի խաչմերուկից սկսած մինչև Բոզալի ճանապարհահատվածը նույնպես ամբողջովին շարքից դուրս էր եկել, ճանապարհի ասֆալտը տեղ-տեղ ճաքճքել է, տակից ավազը դուրս էր եկել, տեղ-տեղ ձևավորվել են մեծ անհարթություններ, որոնք խանգարում և խոչընդոտում են մեքենաների շարժը: Ճանապարհը չդիմացավ ծանր բեռնատար մեքենաների ծանրաբեռնվածությանը, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է։
Ճանապարհային գործակալությունից նշեցին, որ տեղյակ են ճանապարհի վիճակից։ Ճանապարհային գործակալության ղեկավարի տեղակալ Պավլե Գամկղրելիձեն Jnews-ին ասաց, որ իրենք աշխատում են այս խնդրի լուծման ուղղությամբ։
«Մենք տեղյակ ենք, որ ձմռանից հետո այս ճանապարհի 10 կմ հատվածը ուժեղ վնասվել է, այս ճանապարհն ուսումնասիրվել է մեր մասնագետների կողմից։ Առաջիկայում նախատեսում ենք մշակել վերականգնման նախագիծ, որը կլինի հիմնովին, ամբողջական և մեծ մասշտաբներով։ Երբ ավարտվի փաստաթղթավորման գործընթացը, այդ ժամանակ կքննարկվի աշխատանքները սկսելու հարցը։ Այս պահին այս հատվածը կկարգավորվի (ժամանակավորապես կարգի կբերվի), քանի որ վերականգնման նախագծի պատրաստումը ժամանակ է պահանջում։ Երբ նախագիծը պատրաստ լինի, մենք մրցույթ կհայտարարենք»,- ասաց Պավլե Գամկղրելիձեն։
Նրա խոսքով, կբարեկարգվի նաեւ Դադեշ-Կարծախ ճանապարհահատվածը։
«Ինչ վերաբերում է Դադեշ-Կարծախ հատվածին, սա նույնպես ներառված է նախագծում: Ապրիլի վերջի կամ մայիսի սկզբին այս հատվածը հնարավորինս կհարթեցվի, որպեսզի վարորդների համար հարմար լինի, մինչև հիմնանորոգման աշխատանքները կատարվեն», – հավելեց Պավլե Գամկղրելիձեն։
Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը չդիմակայեց բեռնատարների ծանրաբեռնվածությանը