Ախալքալաքի մունիցիպալիտետում, վերջին տարիներին, բնակչության շրջանում, տարածում է ստացել ջերմոցային տնտեսությունը, որտեղ աճեցնում են լոլիկ, վարունգ, բույսեր։ Անհատ ձեռնարկատեր Սեյրան Համազարյանը, ջերմոցային տնտեսության կառուցման համար, Ավստրիայի կառավարության «Ավստրիական զարգացման համագործակցություն» (Austrian Development Cooperation) մրցույթում, դրամաշնորհ է շահում։
Արդեն մի քանի տարի է Սեյրան Համազարյանը իր տան բակում տնայնագործ ջերմոց է կառուցել ու իր համար բանջարեղեն է աճեցնում: Իր տնտեսությունն ընդլայնելու ու այս հոբբին բիզնեսի վերածելու նպատակով, նա մասնակցում է Ավստրիայի կառավարության կողմից կազմակերպած «Ավստրիայի զարգացման համագործակցություն» (Austrian Development Cooperation) մրցույթին և շահում 6200 եվրո դրամաշնորհ, որից 20%-ը ինքնաֆինանսավորվումն է։ Այս կազմակերպությունը շուրջ 10 տարի է գործում է Վրաստանում, աշխատելով նաև գյուղատնտեսության ոլորտում։
Ֆերմերը մրցույթին մասնակցում է 2019 թվականին, սակայն, կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, դրամաշնորհը ստանում է 2021 թվականի ապրիլին։ Դրամաշնորհի գումարով նա գնում է ջերմոցի կոնստրուկցիան և հենց ինքն էլ այն հավաքում է։
Ջերմոցի տարածքը 200 քառ.մ է, որտեղ Սեյրանը տնկել է «Մամլուք» սորտի վարունգի 550 սածիլ։ Այս սորտի պտուղները փոքր չափի են և հարմար են մարինադ պատրաստելու համար:
«Անցյալ տարի մինչև ջերմոցը հավաքեցի ժամանակն անցավ, չհասցրի տնկել, արդեն ուշ էր, տնկելն իմաստ չուներ, ջերմոցը չի ջեռուցվում: Սպասում եմ մոտ 5 տոննա բերք: Յուրաքանչյուր սածիլ պետք է տա մոտ 10 կգ վարունգ»,- ասում է Սեյրան Համազարյանը։
Համազարյաններն ընտանիքով են աշխատում ջերմոցում, թեև չեն բացառում աշխատողներ վարձելու հնարավորությունը։ Սեյրանը մրցույթին մասնակցում է որպես անհատ ձեռներեց, ապա քիմիական նյութեր չօգտագործելու պատճառով կազմակերպության անունը դնում է «Էկո-Ագրո»։
«Աշխատում եմ հնարավորինս քիչ քիմիկատներ օգտագործել, պարարտացնում եմ շիճուկով, աղբով կամ մոխիրով։ Ընդհանրապես առանց քիմիական նյութերի անհնար է, այս տարի, օրինակ, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ եղան, և վարունգը հիվանդացել է սնկային հիվանդությամբ, այնպես որ առանց քիմիկատների չի ստացվի»,- ասում է Սեյրան Համազարյանը։
Ֆերմերը ջերմոցում այս տարի միայն վարունգ է աճեցնում, սակայն, ըստ նրա, մյուս տարի այլ մշակաբույսեր էլ է աճեցնելու։
Սեյրանն ասում է, որ բերքը վաճառելու է Ախալքալաքում, և որ գնորդներ արդեն կան։