Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը քննարկել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեի հերթական ճշգրտումը։ Ախալքալաքի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների անցկացման համար 100 հազար լարիի չափով լրացուցիչ ֆինանսավորում է հայցել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեի ֆինանսական եկամուտների համաձայն՝ տարեկան կանխատեսվող թվերը կգերազանցեն 100 հազար լարին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նպատակահարմար է համարել բյուջեում փոփոխություններ կատարել՝ հաշվի առնելով եկամուտների ավելացումը և ամանորյա միջոցառման իրականացման համար հատկացնել 100 հազար լարի։ Ճշգրտումը կատարվել է Կրթության, մշակույթի, սպորտի, հուշարձանների պահպանության ծառայության, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության զարգացման վարչության կողմից։ Այս ճշգրտումը կատարվել է Վրաստանի կառավարության վարչակազմի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի «Նոր տարվա օրերը Վրաստանում» թիվ 2168 որոշման համաձայն։
Այս որոշումը չի վերաբերում Սամցխե-Ջավախքի բոլոր մունիցիպալիտետներին։ 6 մունիցիպալիտետներից այս տարի միջոցառումները մեծ շուքով կնշվեն Ախալքալաքում, Ասպինձայում և Բորժոմիում։ Թե կոնկրետ երբ տեղի կունենա միջոցառումը, դեռ հայտնի չէ։ Սակայն սպասվում է համերգային ծրագիր, որին ելույթ կունենան մայրաքաղաքից ժամանած արտիստներ։ Կլինեն նաև լրացուցիչ ամանորյա զարդարանքներ և հրավառություն։ Թե կոնկրետ ով է հանդես գալու և կոնկրետ ինչ է լինելու ամանորյա միջոցառմանը, դեռ մանրամասները հայտնի չեն։
Կհատկացվի՞ 100 հազար լարիի գումարը, թե ոչ՝ կքննարկվի վաղը, Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուրոյի և սակրեբուլոյի նիստում։