«Հանուն ազատության» ուսանողական շարժումը «Վրաց ժողովուրդն ընդդեմ ռուսական չարիքի» կարգախոսով ակցիա է անցկացրել Վրաստանի խորհրդարանի դիմաց։ Ըստ շարժման՝ «Թամազ Գինտուրիի վրա արձակված գնդակը վրացական պետության ու նրա յուրաքանչյուր քաղաքացու վրա է արձակված»։ Հանրահավաքի մասնակիցները խորհրդանշական մոմեր են վառել և ծաղիկներ խոնարհել։

«Ռուսական օկուպացիոն ռեժիմի կողմից Կիրբալի գյուղում իրականացված աննկարագրելի դաժանությունն այսօր թափանցեց բոլոր վրացիների սրտերը։
Կառավարության առաջարկած լռությունը լուծում չէ։ Այսօր բոլոր վրացիները պետք է դուրս գան ռուսական չարիքի դեմ և երկրի գլխավոր պողոտայում ազգային միասնությունը դրսևորեն։

Մեր հայրենակցի՝ Թամազ Գինտուրիի վրա արձակված գնդակը վրացական պետության ու նրա յուրաքանչյուր քաղաքացու վրա է արձակված։ Ժամանակավոր «խաղաղությունը» կմնա միայն որպես քարոզչական տեքստեր։ Վրաց ժողովուրդն արժանի է իրական խաղաղության, անվտանգության և ազատության:

Այսօր ևս մեկ անգամ ապացուցվեց, որ վերջին տարիներին թշնամու նկատմամբ իշխանության վարած լոյալ քաղաքականությունը ոչ միայն անպատվաբեր է, այլև միանգամայն անարդյունավետ։

Դադարեցրեք համագործակցությունը թշնամու հետ։ Եկեք մեր ձայնը բարձրացնենք ռուսական չարիքի դեմ։ Դուրս եկեք ապահով և ազատ ապագայի համար:

Մեր կողմից միասնության դրսևորումն այսօր կունենա ամենամեծ ուժը», – նշված է ակցիայի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ խորհրդարանի դիմաց մարդաշատ էր, ներկա էին քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և այլք:

Կարդացեք նաև՝