Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Վրաստանի քաղաքացու ընտանիքին և հարազատներին, ով սպանվել է Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցչի կրակոցից՝ նրան ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ։
Վարչապետի խոսքով, գործարկվել են բոլոր համապատասխան մեխանիզմները, տեղեկացվել են միջազգային գործընկերները։
«Ամենասարսափելի միջադեպը տեղի է ունեցել Գորիի մունիցիպալիտետի Կիրբալ գյուղի մոտ՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում։ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչը սպանել է Վրաստանի քաղաքացու՝ նրան ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ։
Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է տեղում անվտանգության ծանր միջավայրը և խոսում օկուպացիայի ծանր հետևանքների մասին, որոնց հետ, ցավոք, վրացական իշխանությունների հետ մեկտեղ պետք է զբաղվեն նաև քաղաքացիական անձինք։ Ցավակցում եմ մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին այս ծանրագույն ողբերգության համար։ Պետությունն այս դժվարին պահերին նրանց կողքին է։
Նշված միջադեպի կապակցությամբ գործարկվել են բոլոր համապատասխան մեխանիզմները, տեղեկացվել են միջազգային գործընկերները։ Ակտիվ աշխատանքներ են տարվում օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի ևս մեկ քաղաքացու շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ և արձագանքել տեղի ունեցածին, ինչպես նաև օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներին՝ համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել, որ բռնագրավված տարածքում՝ Կիրբալի գյուղի մերձակայքում տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացի է մահացել, մեկ քաղաքացի ապօրինի ձերբակալվել է։