Ախալքալաքի մունիցիպալիտետում, պետական ծրագրով, հողերի անվճար գրանցումը դեռ արդյունք չի տալիս մի շատ պարզ պատճառով՝ այն այստեղ չի վերսկսվել անցյալ տարվա աշնանից։ Հայտնի չէ, թե երբ կվերասկսվեն հողային չափագրումներն Ախալքալաքում, սակայն դիմում գրելով Արդարադատության տուն՝ կարող եք իմանալ կոնկրետ հողատարածքի չափագրման կոնկրետ ժամկետը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում մինչ այժմ հողերի անվճար գրանցումն արդեն պետք է վերսկսված լիներ վեց տարածքային միավորներում՝ Կարծախում, Սուլդայում, Ազավրեթում, Կաջոյում, Ալաստանում, Տուրցխում, իսկ վեց տարածքային միավորներում (Կոթելիա, Բարալեթ, Զակ, Արագվա, Չունչխա, Խանդո) պետք է սկսվի օգոստոս ամսից։ Ամբողջ Ախալքալաքի մունիցիպալիտետում, նախորդ տարվա նոյեմբերին, չափումներ են կատարվել Դիլիսկա գյուղում, որն այդպես էլ ավարտին չի հասցվել։
Այս գյուղերում և ընդհանրապես Ախալքալաքի բոլոր գյուղերում բնակչությունը սպասման մեջ է և խիստ անհանգստացած է, չիմանալով թե ինչ անել։ Նրանք ցանկանում են հնարավորինս արագ գրանցել իրենց տներն ու հողամասերը։ Jnews-ը բազմիցս գրել է այս մասին և փորձել պարզել գործընթացի ձգձգման պատճառը, և այն, թե երբ կվերսկսվի այս գործընթացը։
Ջավախքում չափագրումներ անող խմբի աշխատակիցներն ասում են, որ չգիտեն, թե երբ են գալու այստեղ, և դա իրենցից կախված չէ։
Հանրային ռեեստրում այս հարցերի պատասխանները գտնել չհաջողվեց, սակայն այնտեղ պատասխանեցին, որ Ախալքալաքում հողերի գրանցման գործընթացը հաստատ կշարունակվի ու ավարտին կհասցվի։ Եվ, եթե կոնկրետ բնակիչն ուզում է իմանալ, թե երբ են չափագրելու իր հողամասերը, ապա կարող է դիմել Արդարադատության տուն, և նրան 1 ամսվա ընթացքում կպատասխանեն։
Հին ժամանակացույցն այլևս չի գործում, իսկ այլ գրաֆիկ չկա։
Ծրագրի 9 ամիսների ընթացքում, ըստ Հանրային ռեեստրի կայքի վիճակագրության, Ախալքալաքի մունիցիպալիտետում արձանագրվել է ավարտված գրանցման 2 դեպք և իրականացված 63 չափագրում։ Հանրային ռեեստրի կայքում «վիճակագրություն» բաժնում նշված տվյալները 2023 թվականի փետրվարից չեն փոխվել։
Թե որքանով է արդարացված հողերի գրանցման այս եղանակը, որը գործում է 2022-2024 թվականներին, ցույց կտա ժամանակը։
Ցանկացողները կարող են ստուգել իրենց գրանցման կարգավիճակը այս կայքում՝ slr.napr.gov.ge
Ախալքալաքում հողերի անվճար գրանցումը ժամանակացույցից հետ է մնում
Հողերի գրանցումն Ախալքալաքում. երբ և ինչպես
Հողերի պետական գրանցման ծրագիրը դեռ անարդյունավետ է
Ախալքալաքում սկսել են մտածել գյուղապահովագրության մասին, բայց…