Ախալքալաքի մունիցիպալիտետում հողերի անվճար գրանցումը ժամանակացույցից շատ է հետ մնում: Չափման գործընթացը պետք է վերսկսվեր 2023 թվականի մարտին, սակայն դեռ չի սկսվել։ 2023 թվականի փետրվարից տվյալների բազայում հողերի գրանցման գործընթացի տվյալները չեն փոխվել։

Ախալքալաքի քաղաքապետարանում, հողերի պետական ​​գրանցման ժամանակացույցի համաձայն, չափագրումները սկսվել են 2022 թվականի նոյեմբերին, և պետք է ավարտվեն 2024 թվականի վերջին։

Պետռեեստրի աշխատակիցները մունիցիպալիտետ էին եկել անցյալ տարվա նոյեմբերին՝ Դիլիսկա գյուղ։ Նրանք աշխատել են մոտ մեկ ամիս, և այդ ընթացքում հասցրել են չափել գյուղացիների միայն 17%-ի հողերը։ Սակայն մինչ այժմ Հանրային ռեեստրի կայքում, ըստ վիճակագրության, գրանցվել է ընդամենը 2 դեպք և չափագրվել 63 անձի հողամաս և տուն, իսկ «ընթացքում» սյունակում ոչ մի գործ չկա։ Պետական ռեեստրի կայքում վիճակագրությունը չի փոխվել 2023 թվականի փետրվարից։

Մեկ շաբաթ առաջ, ըստ Դիլիսկա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Հովհաննես Գաբրիելյանի, հողակտորների ինքնությունը հաստատելու համար Ռեեստր են կանչվել Դիլիսկա գյուղի որոշ բնակիչներ։

Ըստ ժամանակացույցի, մարտին Պետական ​​ռեեստրի աշխատակիցները չափումներ պետք է կատարեին Կարծախ, Սուլդա, Ազավրեթ, հունիսին Կաջո, Ալաստան, Տուրցխ վարչական տարածքներում, այսինքն՝ այժմ պետք է լինեին մունիցիպալիտետում։ Այս գյուղերում բնակչությունը սպասում է ու շատ անհանգիստ է, և չգիտի ինչ անի։

Բնակիչներն ուզում են ավելի արագ գրանցել տներն ու հողակտորները, ամեն մեկը շտապելու իր պատճառն ունի։

2016 թվականից մինչև 2021 թվականի վերջը, երբ գրանցումն իրականացնում էին տեղական ինքնակառավարման մարմինները, Ախալքալաքի քաղաքապետարանը գրանցել է մոտ 9000 դեպք։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում, ըստ պետական ​​կայքի վիճակագրության, իրենց հողերը գրանցել է ընդամենը 2 մարդ։

Ցանկացողները կարող են ստուգել իրենց գրանցման կարգավիճակը այս՝ slr.napr.gov.ge կայքում:

Պետռեեստրի աշխատակիցը JNEWS-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե երբ են գալու, արդեն ժամանակացույցին չեն հետևում։ Իսկ հարցին, թե ինչու չեն գալիս, նա ասաց, որ ամեն ինչ կախված է բաշխումից։

Հողերի գրանցումն Ախալքալաքում. երբ և ինչպես