Բերքի ապահովագրությունն առանձնապես տարածված չէ Ախալքալաքի ֆերմերների շրջանում, թեև կարկուտն ու այլ բնական աղետներն ամեն տարի փչացնում են գյուղացիների բերքը: Այս տարի ապահովագրությունից հրաժարվելու պատճառներից մեկը շատ ֆերմերներ նշում են հողի պետական ռեեստրում գրանցված չլինելը։
Ախալքալաքի բազմաթիվ ֆերմերներ ամեն տարի տուժում են կարկուտից, որը ոչնչացնում է նրանց կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածությունները, նրանք մեծ վնասներ են կրում, այնուամենայնիվ, նրանք հրաժարվում են ապահովագրել իրենց բերքը։ Ոմանք պատճառը բացատրում են ֆինանսների սղությամբ, ոմանք՝ ապահովագրական ընկերությունների նկատմամբ անվստահությամբ, ոմանք՝ իրենց հողերը ռեեստրում գրանցված չլինելու հանգամանքով։ Շատերը կարծում էին, որ քաղաքապետարանն առանց ապահովագրության էլ կփոխհատուցի բնական աղետների վնասը, բայց քանի որ Վրաստանում գործում է գյուղատնտեսական ապահովագրության պետական ծրագիր, որի վրա կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում, քաղաքապետարանը չի կարող օգնել տուժածներին։
Ալաստան գյուղից Սիմոն Մանանյանն ասում է, որ իր վարձակալած հողատարածքը գրանցված չէ, ուստի չի կարող ապահովագրվել։
«Իմ վարձակալած հողերը շատ վտանգավոր տեղում են (հաճախ է կարկուտը խփում), բայց դրանք գրանցված չեն: Եթե այս հողակտորների համար փաստաթուղթ ունենայի, ապա կապահովագրեի: Սեփական հողերն էլ չեմ ապահովագրում, բայց այդ վայրերում կարկուտ չի լինում, մեր գյուղում երբեք ուժեղ կարկուտ չի լինում»,- ասում է Սիմոն Մանանյանը։
Գյուղատնտեսական ապահովագրության պետական ծրագրին մասնակցելու համար պայմաններից մեկն այն է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է գրանցված լինեն պետական ռեեստրում։
Ազավրեթցի Բագրատ Զաքարյանը նույնպես չի ապահովագրել իր հողերը, և պատճառը գրանցման բացակայությունն է նշում։
«Ես չեմ ապահովագրել, քանի որ պետռեեստրի աշխատակիցները դեռ չեն հասել մեր գյուղ, թեև ըստ ժամանակացույցի, մեր տարածքային շրջանում գրանցումը պետք է սկսվեր մայիսից, որովհետև եթե հողը գրանցված է, ապա ապահովագրության վճարն ավելի էժան է, քան առանց գրանցման, ուստի իրենք չեն ապահովագրում»,- ասում է Բագրատ Զաքարյանը:
Բարալեթ գյուղից Ռամազ Գոգոլաձեն այս տարի ապահովագրել է միայն այն հողատարածքները, որտեղ կարտոֆիլի թանկ սերմ է ցանել։
«Ես ապահովագրել եմ 3 հեկտար հացահատիկի և 50 հար կարտոֆիլի դաշտերը, բայց հաջորդ տարի կավելացնեմ ապահովագրված դաշտերի թիվը: Ապահովագրությունը, ըստ իս, միակ օգնությունն է աղետի դեպքում»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն։
Կաջո գյուղից Անդրանիկ Օհանջանյանը 4 հա կարտոֆիլ է ցանել և չի ապահովագրել իր բերքը: Իսկ այս տարի Կաջո գյուղում հորդառատ անձրեւն ու կարկուտը հողի հետ քշել են ցանած կարտոֆիլը։
«Երբեք նման աղետ ու այդքան մեծ վնաս չենք ունեցել, հետևաբար չենք ապահովագրել: Այո, այս տարի վնաս եղել է, երևի մյուս տարի կապահովագրեմ: Այս տարի, վնասից հետո, երևի շատերը սկսեն ապահովագրվել»,- ասում է Անդրանիկ Օհանջանյանը։
Նշենք, որ Կաջո գյուղում անվճար գրանցումը պետք է անցկացվեր 2023 թվականի հունիսին, սակայն, ինչպես և մունիցիպալիտետի մյուս գյուղերում, այն նույնիսկ չի էլ սկսվել։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի պետական անվճար գրանցումը ժամանակացույցից հետ է մնացել: Անցյալ տարի Հանրային ռեեստրի աշխատակիցները չափումներ են կատարել Դիլիսկա գյուղում ու դրանով ավարտել այդ աշխատանքը։ Այս տարի գործընթացը դեռ չի վերսկսվել, թեեւ, ըստ ժամանակացույցի, դրանք պետք է վերսկսվեին մարտին։
Վրաստանում 2014 թվականից գործում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր։ Այս ոլորտում աշխատում են բազմաթիվ ապահովագրական ընկերություններ։ Այս տարի Վրաստանի շուկայում այդ ուղղությամբ աշխատում է 6 ընկերություն՝ «Ալդագի», «Փրայմ», «Արդի», «TBC ապահովագրություն», «Նյու Վիժն» ապահովագրական ընկերությունը, «Վրաստանի ապահովագրական խումբ»-ը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գրասենյակ ունի միայն երկու ընկերություն՝ «Ալդագի»-ն և «Նյու Վիժն» ապահովագրական ընկերությունը։
Բերքի ապահովագրությունը պետական ծրագիր է: Ապահովագրության գումարից պետությունը ապահովագրական ընկերությանը վճարում է 70%, իսկ 30%-ը վճարում է հողի սեփականատերը: Բոլոր ընկերությունները Ախալքալաքի շրջանում բերքն ապահովագրում են կարկտահարությունից, ջրհեղեղից, աշնանային ցրտահարությունից և փոթորկից:
Մեկ հեկտար կարտոֆիլի դաշտի ընդհանուր ապահովագրական գումարը կազմում է 1275 լարի, որից 382,50 լարին վճարում է գյուղացին, իսկ 892,50 լարին՝ պետությունը։ Ըստ ապահովագրական կանոնակարգի, 1 հա կարտոֆիլի դաշտի 100%-ով վնասի դեպքում կարելի է ստանալ 15 000 լարի։ Այս գումարը հաշվարկված է՝ 1 կգ կարտոֆիլի 0,60 թեթրի արժեքի և 25 000 կգ/հա բերքատվության դեպքում։