Դեռ մի քանի տարի առաջ ուցխո-սունելին Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերների համար համարվում էր հեռանկարային և եկամտաբեր մշակաբույս։ Այսօր իրավիճակը փոխվել է․ անցյալ տարվա բերքի մի մասը մինչ օրս արտադրողների պահեստներում է, բազմաթիվ գյուղերում այս տարվա բերքը տուժել է երկարատև անձրևներից և կարկտից, իսկ ֆերմերները կրճատում են ցանքատարածությունները։ Միևնույն ժամանակ, արտասահմանյան շուկա դուրս գալու հնարավորությունը դեռևս միայն հնարավորություն է մնում․ այս տարվա բերքի որակը թույլ չտվեց կնքել սպասվող խոշոր գործարքները։
Դեռ մի քանի տարի առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում ուցխո-սունելիի մշակումը ֆերմերների համար հեռանկարային էր թվում։ Մշակաբույսը աստիճանաբար տարածվեց գյուղերում և որոշ տնտեսությունների համար դարձել էր այլընտրանք կարտոֆիլին։
Սակայն արտադրության աճին զուգահեռ առաջացավ նաև խնդիր, որը ֆերմերներն այսօր անվանում են գլխավորներից մեկը՝ բերքի իրացումը։ Անցյալ տարի արտադրանքի զգալի մասը չվաճառվեց։ Ֆերմերները, սպասելով գնի բարձրացման, պահեցին բերքը, սակայն բարձրանալու փոխարեն գինը նվազեց։
Արդյունքում այս տարի գյուղացիներից շատերը կրճատեցին ցանքատարածությունները կամ ամբողջությամբ հրաժարվեցին ուցխո-սունելիի մշակումից։
«Մշակումն աշխատատար է, իսկ օգուտը՝ քիչ», — պնդում են ֆերմերները։
Սուլդա գյուղից Ռազմիկ Քալաշյանը նախորդ տարի, Ղադոլար գյուղի գյուղատնտեսական հողատարածքներում, ուցխո-սունելի էր աճեցրել։ Բերքից նա գոհ էր, սակայն իր ակնկալած գնով, չկարողացավ այն վաճառել։
Այս տարի Քալաշյանն այլևս չցանեց այդ մշակաբույսը։
«Այս տարի չեմ ցանել։ Անցյալ տարի լավ բերք ստացա, բայց չկարողացա վաճառել։ Այդ պատճառով այս տարի դադարեցի աճեցնել։ Անցյալ տարվա բերքը էժան վաճառեցի։ Ասում են հիմա գինը թանկացել է, բայց մինչ այդ ոչ ոք չէր ուզում գնել։ Աշխատանքը շատ է, իսկ օգուտը՝ քիչ», — ասում է Քալաշյանը։
Ֆերմերի խոսքով, հենց իրացման դժվարությունները ստիպում նրան և մյուս գյուղացիներին վերանայել իրենց վերաբերմունքը այդ մշակաբույսի նկատմամբ, որը դեռ վերջերս բավական եկամտաբեր էր համարվում։
Նման իրավիճակ է ստեղծվել նաև Բեժանո գյուղից Ռուսլան Հարությունյանի մոտ։ նա երեք տարի անընդմեջ աճեցնում էր ուցխո-սունելի, ամեն տարի ցանելով մոտ 20 հար տարածք։ Այս տարի չի ցանկացել ցանել։ Պատճառը նախորդ տարիների չվաճառված բերքն է։
«Երեք տարի ուցխո-սունելի էի ցանում, բայց չէի կարողանում վաճառել։ Մինչև հիմա էլ վաճառքի սունելի ունեմ։ Մեր գյուղում շատերն էին աճեցնում, բայց դադարեցին։ Այս տարի ասում են, որ անձրևները մունիցիպալիտետում փչացրել են սունելիի բերքը։ Գիտեմ, որ ոչ ոք չի ցանկանում գնել այս տարվա բերքը՝ որակը վատ է։ Բոլորը ցանկանում են գնել անցյալ տարվա բերքը։ Հույս ունենք, որ կկարողանանք այն վաճառել և լավ գնով», — ասում է Հարությունյանը։
Այժմ շուկայում ստեղծվել է անսովոր իրավիճակ․ ֆերմերների մոտ մնում է նախորդ տարվա արտադրանքը, իսկ նոր սեզոնի բերքը որոշ տնտեսություններում ավելի ցածր որակ ունի։
Գյուղացիների խոսքով, երկարատև անձրևները հանգեցրել են բույսին հիվանդության։ Ուցխո-սունելին խոնավության պատճառով մգացել է, քանի որ ֆերմերները չեն կարողացել ժամանակին չորացնել բերքը, ինչի հետևանքով ընկել է պատրաստի արտադրանքի որակը։ Առանձին տնտեսություններին լրացուցիչ վնաս է հասցրել նաև կարկուտը։
Հիմնական գնորդները շարունակում են մնալ Վրաստանի այլ շրջաններից եկած վերավաճառողները, ինչպես նաև Ագանա, Մերենիա և Էխտիլա գյուղերի բնակիչները, որոնք վերավաճառում են արտադրանքը։
Սակայն, ինչպես ասում են ֆերմերները, այս պահանջարկը բավարար չէ բերքի մեծ ծավալները կայուն իրացնելու համար։
Արտասահմանյան շուկան մոտ էր, բայց բերքը հուսախաբ արեց։ Որոշ արտադրողների համար Վրաստանի սահմաններից դուրս նոր շուկաների որոնումը խնդրի հնարավոր լուծումներից մեկն էր։
Ագանա գյուղից Արշալույս Գալստյանը զբաղվում է ուցխո-սունելիի աճեցմամբ և մեծածավալ վաճառքով։ Այս տարի նա հույս ուներ ոչ միայն լավ բերք ստանալ, այլև ընդլայնել արտահանման հնարավորությունները։
Հուլիսին նրան այցելել էր ամերիկյան Burlap & Barrel ընկերության համահիմնադիրը, որը ամբողջ աշխարհից համեմունքներ է ներմուծում ԱՄՆ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մշակաբույսի աճեցման պայմաններին և քննարկել մեծածավալ ուցխո-սունելիի հնարավոր գնումները։
Գալստյանի խոսքով, պոտենցիալ գնորդները հետաքրքրված էին։ Սակայն եղանակային պայմանները լրջորեն ազդեցին արտադրանքի որակի վրա։
«Եղանակը անձրևային էր, և սունելին փչացավ։ Բոլոր դաշտերը տուժեցին, բույսերը սնկային հիվանդությամբ վարակվեցին, մգացան, արտադրանքի որակը ընկավ։ Ամերիկացիներին, որոնք պետք է գային, ես հայտնեցի, որ արդեն գալու կարիք չկա։ Աբուլ գյուղի դաշտերը, որտեղ բերքը շատ լավն էր, կարկտից տուժեցին։ Այն, ինչ կարողացանք հավաքել, արդեն նախկին որակը չուներ», — ասում է Գալստյանը։
Այսպիսով, նոր շուկա դուրս գալու հնարավորությունը հետաձգվեց։ Ֆերմերի խոսքով, հիմնական խնդիրներից մեկը ոչ միայն այս տարվա բերքի որակն է, այլև նախորդ տարվա ուցխո-սունելիի զգալի պաշարների առկայությունը։
«Ուցխո-սունելիի իրացման և նոր շուկաների որոնման հետ կապված խնդիր կա», — նշում է Գալստյանը։
Սակայն ոչ բոլոր ֆերմերներն են բախվել վատ բերքի խնդրին։ Լոմատուրցխ գյուղից Լիլի Միքայելյանն այս տարի 15 հար տարածքից հավաքել է մոտ 360 կիլոգրամ ուցխո-սունելի։
Նա գոհ է արտադրանքի որակից․ բերքը բաց գույնի է եղել, և նրան հաջողվել է ժամանակին չորացնել այն։ Սակայն առայժմ չի շտապում վաճառել։
«Իմ բերքը լավն է, սպիտակ գույնի։ Հավաքել եմ անձրևներից հետո և հասցրել եմ ժամանակին չորացնել։ Այս տարի դեռ չեմ վաճառել։ Անցյալ տարի սկզբում վաճառեցի մեկ կիլոգրամը 10–15 լարիով, հետո գինն ընկավ։ Որոշ մարդիկ բերքը պահեցին, հույս ունենալով ավելի թանկ վաճառել, բայց չկարողացան։ Ընդհակառակը՝ գինը նվազեց», — ասում է Միքայելյանը։
Նրա խոսքով, Լոմատուրցխում ուցխո-սունելին երկար տարիներ է աճեցնում են։ Սակայն գնի և իրացման հետ կապված խնդիրները ստիպում են ֆերմերներին կրճատել ցանքատարածությունները։
Գնի աճը մշակաբույսը գրավիչ դարձրեց ֆերմերների համար։ Ցանքատարածություններն ավելացան, և ուցխո-սունելի սկսեցին աճեցնել բազմաթիվ գյուղերում։ Սակայն արտադրության աճը միաժամանակ խորացրեց իրացման խնդիրը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերների համար ուցխո-սունելին աստիճանաբար կարտոֆիլին հեռանկարային այլընտրանքից վերածվում է մեծ ռիսկեր պարունակող մշակաբույսի։ Բերք աճեցնելը գործի միայն կեսն է։ Այսօր գլխավոր հարցն այն է, թե որտեղ և ինչ գնով վաճառել այն։
Ֆերմերներն ասում են, որ առանց իրացման նոր շուկաների, կայուն պահանջարկի և արտադրանքը մեծածավալ խմբաքանակներով վաճառելու հնարավորության՝ արտադրության ծավալների ավելացումն իմաստ չունի։ Այդ պատճառով մի քանի տարվա աճից հետո մունիցիպալիտետի գյուղերում ուցխո-սունելիի նկատմամբ հետաքրքրությունը սկսել է նվազել։



