Այս տարի, Սուլդայի տարածքային միավորումում, պետական ծրագրով հողերի անվճար գրանցումը պետք է վերսկսվեր մարտին, սակայն գործընթացը դեռ չի սկսվել։ Չնայած նրան, որ ժամանակացույցից հետ են մնում, պատասխանատուները դեռ խոստանում են տեղավորվել ժամկետների մեջ։
2022 թվականից Հանրային ռեեստրը սկսել է զբաղվել գյուղատնտեսական նշանակության հողերի օրինականացման և նույնականացման գործընթացով։ Գործընթացն իրականացվում է փուլ առ փուլ, ըստ ժամանակացույցի։ Ախալքալաքի մունիցիպալիտետում հողերի անվճար գրանցումը, ըստ ժամանակացույցի, սկսվել է 2022 թվականի նոյեմբերին, Դիլիսկա գյուղում։
Դիլիսկա գյուղի բնակիչների խոսքով, այնտեղ Հանրային ռեեստրի աշխատակիցները միայն տների և տնամերձ հողամասերի չափագրումներն են իրականացրել։ Մեկ ամսվա ընթացքում աշխատողները մտել են բնակիչների միայն 17%-ի տները, սակայն այդ բնակիչների գրանցումն էլ դեռ մինչև վերջ չի արվել։
Հանրային ռեեստրի կայքում, այսօրվա դրությամբ, ըստ վիճակագրության, Ախալքալաքի մունիցիպալիտետում կա ավարտված գրանցման 2 դեպք և 63 իրականացված չափագրում։ Հանրային ռեեստրի կայքում «վիճակագրություն» բաժնում նշված տվյալները 2023 թվականի փետրվարից չեն փոխվել։ Այսինքն՝ անցած ամիսների ընթացքում գրանցման գործընթացի ավարտի նոր դեպքեր չեն գրանցվել։
Մարտին, ըստ ժամանակացույցի, անվճար գրանցում պետք է իրականացվեին Կարծախ, Սուլդա, Ազավրեթ տարածքային միավորներում, սակայն Հանրային ռեեստրի աշխատակիցներն Ախալքալաքի մունիցիպալիտետում դեռ չեն վերսկսել գործընթացը և չեն շարունակել գործընթացը Դիլիսկա գյուղում։
Գյուղերի բնակիչներն անհանգստացած են, որ գրանցումը հետ է մնում ժամանակացույցից: Նրանք շտապում են հողերը գրանցել, քանի որ պետական բոլոր գյուղատնտեսական ծրագրերը պահանջում են, որ շահառուների հողերը գրանցված լինեն։
Ըստ JNEWS-ի ստացած տեղեկության, Հանրային ռեեստրի աշխատակիցները մարտ ամսին չեն վերսկսել գրանցման գործընթացը
եղանակային պայմանների պատճառով: Սակայն, նրանք հույս ունեն, որ կհասցնեն, քանի որ ծրագրում են գալ մեկ ամսից ու քաղաքապետարանից օգնություն են խնդրել։ Ռեեստրի աշխատակիցներին կօգնեն գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչները: