Ախալքալաքի մունիցիպալիտետում պետական ծրագրով գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրանցումը կվերսկսվի մարտ ամսից։ Ովքեր կարող են գրանցել իրենց հողերը, ինչպիսին է գրանցման ընթացակարգը և որ գյուղում երբ կսկսվի գրանցումը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես նաև ողջ Վրաստանում, ընթանում է 90-ականների սկզբին հողային բարեփոխումների ժամանակ բնակչությանը հատկացված հողամասերի գրանցման գործընթացը։ Հողային բարեփոխումների համաձայն, յուրաքանչյուր ընտանիքին հատկացվել է առավելագույնը 1 հա 25 հար հողատարածք։ Հողամասը հատկացնելիս ընտանիքին տրվում էր փաստաթուղթ հողամասի ընդունման-հանձնման մասին։

Վրաստանում հողամասերի պետական գրանցումը սկսվել է 2016թ.-ին: Այդժամ պարզվեց, որ ոչ բոլորն ունեն ընդունման-հանձնման մասին փաստաթուղթ, կամ ունեն, բայց այն ոչ ամբողջական է կամ սխալներով է։ Դրա պատճառով երկար տարիներ մունիցիպալիտետում հողերի գրանցումը խնդրահարույց էր։

«Հողային գրանցման մասին» օրենքը մի քանի անգամ փոփոխվել է։ Հերթական փոփոխությունները կատարելուց հետո՝ 2020 թվականին, գրանցումը հնարավոր դարձավ առանց ընդունման-հանձնման փաստաթղթի։ Քաղաքապետարանները, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, այդ ժամանակ ներգրավվեցին հողերի գրանցման գործընթացում, որը հաստատում էր փաստաթղթերի իսկությունը կամ առանց փաստաթղթի գույքի իսկությունը:

2016-2022 թվականներին Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է ավելի քան 8000 հողատարածք։

2022 թվականի հունվարից մունիցիպալիտետների քաղաքապետարանները ներգրավված չեն բնակիչների գյուղատնտեսական նշանակության հողամասերի օրինականացման և նույնականացման գործընթացում։ 2022 թվականից մինչև 2024 թվականը հողերի գրանցման ամբողջ գործընթացը կիրականացնի Հանրային ռեեստրը։ 2022-2024 թվականների ընթացքում կիրականացվի հողերի փուլային գրանցում, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Պետական ծրագրով գրանցվում են այն հողամասերը, որոնք ունեն անձնագիր՝ ընդունման-հանձնման մասին փաստաթուղթ։ Ընդունման-հանձնման վկայական չունեցող բնակիչները դեռ չեն կարող գրանցել իրենց հողամասերը։ Jnews-ը կփորձի պարզել, թե ինչպես կարող են նրանք գրանցել իրենց հողերը։

Ովքեր կարող են գրանցել իրենց հողերը պետական սուբսիդավորմամբ (անվճար):

Հողամասի ընդունման- հանձնման մասին փաստաթուղթ ունեցող յուրաքանչյուր անձ կարող է գրանցել իր հողամասը (առավելագույնը 1 հա 25 հար)։

Պետական ծրագրով Պետական ռեեստրի աշխատակիցները այցելում են գյուղեր, չափում են տնամերձ հողամասերը, հողատարածքները, տներ և այլ հողամասեր, օդային լուսանկարներ անում։ Հողամասերի հարևանները ստորագրությամբ հաստատում են սահմանների ճիշտ լինելը, այնուհետև ստորագրում է հողամասի սեփականատերը, որից հետո Պետռեեստրի աշխատակիցը գրանցման փաստաթղթերը մուտքագրում է Հանրային ռեեստրում։ Աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով գրանցումը կարող է տևել մի քանի ամիս:

Ցանկացողները կարող են ստուգել իրենց գրանցման կարգավիճակն այս կայքում՝ slr.napr.gov.ge:

Եթե սեփականատերը հողամասը գրանցի նշանակված ժամանակացույցի համաձայն, ապա ամբողջ ընթացակարգը (օդային լուսանկարահանում, փաստաթղթերի որոնում, գրանցում և այլն) կլինի անվճար:

Եթե անձը ցանկանում է հողամասը գրանցել ժամանակացույցից դուրս, ապա ընթացակարգը վճարովի է, և պետռեեստրի սպասարկումն արժե 600 լարի՝ չհաշված օդային լուսանկարահանման արժեքը՝ յուրաքանչյուր հողամասի համար 50 լարի և այլ ծախսեր։

Ընթացակարգը կարող են անցնել անվճար նաև այն անձինք, ովքեր փաստաթղթերը ներկայացրել են մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, և նրանց հողամասի գրանցումն ընթացքի մեջ է։

Ներկայացնում ենք գրանցման գործընթացի սկզբում Պետական ռեեստրի կողմից տրամադրված Ախալքալաքում գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրանցման ժամանակացույցը։

2022 թվականի նոյեմբեր՝ գ.Դիլիսկա

2023 թվական

Կարզախ՝ մարտ,
Սուլդա՝ մարտ,
Ազավրեթ՝ մարտ,
Պտենա՝ սեպտեմբեր,
Կաջո՝ հունիս,
Ալաստան՝ հունիս,
Տուրցխ՝ հունիս,
Կոթելիա՝ օգոստոս,
Բարալեթ՝ օգոստոս,
Զակ՝ օգոստոս,
Արագվա՝ օգոստոս,
Չունչխա՝ օգոստոս,
Խանդո՝ օգոստոս:

2024 թվական

Ախալքալաք՝ մայիս,
Խավեթ՝ մայիս,
Հոկամ՝ մայիս,
Կարտիկամ՝ սեպտեմբեր,
Կումուրդո՝ սեպտեմբեր,
Վաչիան՝ սեպտեմբեր,
Խոսպիո՝ սեպտեմբեր,
Գոգաշեն՝ սեպտեմբեր: