նորություններ • 25 Սեպտեմբերի, 2026 • Աալքալաքում ֆերմերները սպասում են կարտոֆիլի մասսայական բերքահավաքին

Ախալքալաքի մունիցիպալիտետում ֆերմերները պատրաստվում են կարտոֆիլի մասսայական բերքահավաքին, սակայն ձգձգվող անձրևները դեռևս թույլ չեն տալիս գյուղերի մեծ մասում սկսել բերքահավաքը։ Բերքահավաքի ուշացման ֆոնին գյուղատնտեսներին մտահոգում է նաև գնման գնի նվազումը․ ֆերմերների խոսքով, ներկայումս կարտոֆիլը գնում են մոտ 50–60 թեթրիով մեկ կիլոգրամի դիմաց, մինչդեռ սեզոնի սկզբում գինը հասնում էր 1 լարիի։

Ախալքալաքի մունիցիպալիտետում այժմ բերքահավաքի ժամանակն է։ Առանձին գյուղերում, որտեղ վաղահաս սորտերի կարտոֆիլ է աճեցվում, բերքահավաքն արդեն սկսվել է։ Գյուղերի մեծ մասում, հատկապես հեռավոր գյուղերում, ֆերմերները սպասում են եղանակային պայմանների բարելավմանը, որպեսզի սկսեն բերքահավաքը։

Նման իրավիճակ է Մոդեգամ, Էխտիլա, Կարծախ, Ագանա, Սուլդա, Ազավրեթ և այլ գյուղերում։

Մոդեգամ գյուղի բնակիչ Արամայիս Չախալյանն ասում է, որ իրենց գյուղում կարտոֆիլի բերքահավաքը դեռ չի սկսվել։

«Անձրևները թույլ չեն տալիս, հողը չի չորանում, ամեն օր անձրև է գալիս։ Բայց արդեն բերքահավաքի ժամանակն է։ Լավ բերք ենք սպասում։ Գնի մասին պարզապես լսել ենք, որ «ներքևի» գյուղերում արդեն գինն ընկել է։ Մեր գյուղում մյուս գյուղերի համեմատ այնքան էլ շատ չեն մշակում, քանի որ հողատարածքները քիչ են։ Ես, օրինակ, 1,50 հեկտար եմ ցանել», — ասում է Արամայիս Չախալյանը։

Էխտիլա գյուղում, Արտավազդ Դարբինյանի խոսքով, ֆերմերները, կարտոֆիլի բերքահավաքը սկսելու համար, նույնպես սպասում են եղանակային պայմանների կարգավորմանը։

Նման իրավիճակ է նաև Խավեթ գյուղում։ Սակայն որոշ ֆերմերներ հասցրել են բերքահավաքը սկսել նախքան եղանակի վատթարացումը և նույնիսկ վաճառել բերքի մի մասը։

Երեկվա տվյալներով, Խավեթ գյուղում մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառվել է 60 թեթրիով։

Ֆերմերները փորձում են պահպանել գինը և միմյանց հետ պայմանավորվել, սակայն առայժմ դա չի հաջողվում։ Գնի նվազման պատճառները տարբեր են։

Ընդհանուր առմամբ, այս տարվա բերքատվությունը գնահատվում է լավ․ որոշ ֆերմերների մոտ բերքատվությունը բարձր է, մյուսների մոտ՝ բավարար։

Ֆերմեր և գյուղատնտես Եղիշ Աղաջանյանն ասում է, որ այս տարի գերազանց բերք է ստացել։ Նրա խոսքով, սեզոնի սկզբում կարտոֆիլի գինը մեկ կիլոգրամի դիմաց կազմում էր 1 լարի, սակայն այժմ այն նվազել է մինչև 50 թեթրի։

«Բերքը լավ է, գինը լավ էր, բայց հիմա գնի հետ կապված վիճակը վատ է։ Գնորդներ միշտ կան, պարզապես չկարողացանք գինը պահպանել։ Այստեղից գնում են 60–70 թեթրիով, իսկ ոմանք կարտոֆիլը տարել են Թբիլիսի և վաճառում են 50 թեթրիով», — ասում է Եղիշ Աղաջանյանը։

Աղաջանյանի խոսքով, իր կարտոֆիլի դաշտերի բերքատվությունը կազմում է մեկ հեկտարից 600 ցենտներ։

Սուլդա գյուղի բնակիչ Գարիկ Մուսիկյանը ասաց, որ եղանակային պայմանների թույլ տալու դեպքում նախատեսում է կարտոֆիլի բերքահավաքը սկսել այսօր։

«Մեր գյուղում կարտոֆիլի բերքահավաքն արդեն աստիճանաբար սկսվում է։ Ես արդեն պայմանավորվել եմ, այսօր կսկսեմ, թեև այս տարի աշխատողներ դեռ քիչ ունեմ, բայց մտադիր եմ սկսել։ Գնորդներ չկան։ Բերքը լավ է։ Ասում են՝ գինը նվազել է մինչև 55 թեթրի։ Գինը պահպանել չհաջողվեց։ Նույնիսկ փոքր ֆերմերները վախենում են անձրևներից և աշխատողներ են վարձում, որպեսզի արագ հավաքեն բերքը։ Լավ կլիներ, եթե կարողանայինք գինը պահպանել», — ասել է Գարիկ Մուսիկյանը։

Այս տարի Գարիկ Մուսիկյանը կարտոֆիլ է ցանել 10 հեկտար տարածքում։ Նրա խոսքով, աշխատողների պակաս կա, իսկ մեկ աշխատողի մեկ օրվա աշխատանքի արժեքը կազմում է 80–90 լարի։

Ֆերմերները նշում են, որ այս տարի կարտոֆիլի բերքահավաքը նախորդ տարվա համեմատ ավելի ուշ է սկսվել։

Գարիկ Մուսիկյանը կարծում է, որ շուկան մեծապես հենց ֆերմերներն են ձևավորում։

«Շուկան քո ձեռքերում է։ Եթե վաճառես 80 թեթրիով, իհարկե, այն 80 թեթրիով էլ կվաճառվի։ Թեև մեկ ֆերմերի ուժերից վեր է գինը պահպանելը։ Ամեն օր պետք է աշխատողներին վճարել, և նրանք ստիպված են ավելի էժան վաճառել, նույնիսկ չմտածելով, որ իրենց ոչինչ չի մնում։ Ոչ ոք նույնիսկ չի հաշվարկել, թե մեկ կիլոգրամ կարտոֆիլի արտադրությունն ինչ արժե։ Հետո ամեն ինչ կհաշվարկեն և կտեսնեն, որ եկամուտները չեն ծածկում ծախսերը», — հավելում է Գարիկ Մուսիկյանը։

Ֆերմերները հույս ունեն, որ եղանակի բարելավմանը զուգահեռ կարտոֆիլի բերքահավաքն ավելի ակտիվ կընթանա, իսկ գնի հետ կապված իրավիճակը կփոխվի։ Սակայն առայժմ նրանք ստիպված են միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ հասցնել բերքը հավաքել նախքան եղանակային պայմանների վատթարացումը, գտնել աշխատողներ և կարտոֆիլը վաճառել այնպիսի գնով, որը թույլ կտա ծածկել արտադրության ծախսերը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝