Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո և Սիրկվա գյուղերի բնակիչներն խնդրանքներով դիմել էին Ախալքալաքի քաղաքապետարան։ Կաջո գյուղի բնակիչները խնդրել էին գյուղի գլխավոր փողոցում, աշակերտների ու գյուղացիների անվտանգության համար, մայթեր ու «պառկած ոստիկաններ» կառուցել։ Սիրկվա գյուղի բնակիչները խնդրել էին երեխաների և երիտասարդների համար խաղահրապարակ կառուցել։ Jnews-ը քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե արդյոք կբավարարվեն այս գյուղերի բնակիչների խնդրանքները։

Սիրկվա գյուղի երիտասարդությունը ազատ ժամանակն անցկացնելու վայր չունի, մարզահրապարակ ու մարզական կենտրոն չկա, երեխաներին խաղալու տեղ չկա։ Բնակիչները դիմել էին Ախալքալաքի քաղաքապետարան, իրենց գյուղում, խաղահրապարակ և բացօթյա մարզասարքերով հրապարակ կառուցելու խնդրանքով։ Նրանց խոսքով, գյուղում այդ ամենի համար տեղ կա: Նրանք դիմումը քաղաքապետարան էին ներկայացրել ավելի քան մեկ ամիս առաջ։

Մայիսի վերջին բնակիչներն արդեն ստացել են պատասխան։ Ըստ այդ նամակի, բյուջեում համապատասխան միջոցներ չկան, ուստի քաղաքապետարանն այս պահին չի կարող բավարարել այդ խնդրանքը։ Բայց նամակում նաև ասվում է, որ հնարավորության դեպքում հետագայում կփորձեն կատարել այն։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանն ասում է, որ հնարավորության դեպքում կբավարարեն բնակիչների խնդրանքը, սակայն այս պահին բյուջեում միջոցներ չկան։

Ինչ է պակասում այս փոքրիկ գյուղին

Քաղաքապետարան խնդրանքով նամակ էին ներկայացրել նաև Կաջո գյուղի բնակիչները։ Գյուղի կենտրոնական ճանապարհը կառուցվել է առանց մայթերի, արհեստական անհարթություններ տեղադրվել են ճանապարհի ոչ բոլոր մարդաշատ վայրերում, բացի այդ, ճանապարհը կառուցվել է առանց ջրահեռացման և ոռոգման ջրանցքների, նրանք հողային են, այնտեղից ջուրը հոսում է ասֆալտի տակ և քանդում այն։ Բնակիչները խնդրել են մայթ կառուցել և ճանապարհին այսպես կոչված «պառկած ոստիկաններ» տեղադրել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ասում է, որ դեռ պաշտոնական պատասխան չեն ուղարկել, բայց հիմա չեն կարող այդ աշխատանքները կատարել, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչ կարելի է անել։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Կաջո գյուղի բնակիչները JNEWS-ի լրագրողներին բողոքել էին գյուղում առկա վերոնշյալ խնդիրներից։

Բնակիչների հետ հանդիպումից հետո JNEWS-ը դիմել էր քաղաքապետարանի գույքի և պլանավորման ծառայությանը՝ տեսնելու, թե քաղաքապետարանն ինչ կարծիք ունի այս խնդրի վերաբերյալ: Ծառայության մասնագետ Վահան Բաթոյանն այդ ժամանակ ասաց, որ այն տարիներին, երբ մունիցիպալիտետում շատ խորդուբորդ ճանապարհներ կային, նախագծերն իրականացնում էին առանց մայթերի՝ ավելի շատ ճանապարհներ վերականգնելու համար։ Նա խորհուրդ տվեց, որ բնակիչները գրավոր դիմեն քաղաքապետարան, որպեսզի հենց միջոցներ հայտնվեն կառուցեն։ Դրանից հետո Կաջո գյուղի բնակիչները կոլեկտիվ նամակ ներկայացրեցին։

Կաջո գյուղում կա մայթերի և «պառկած ոստիկանների» անհրաժեշտություն