Տեղական իշխանությունները մտադիր են Կարծախ գյուղի նոր մանկապարտեզն այս տարի բացել: Հիմա այնտեղ տարվում են ջեռուցման համակարգի և ջրամատակարարման տեղադրման աշխատանքները: Մանկապարտեզի թափուր աշխատատեղերի մրցույթն արդեն տեղի է ունեցել, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն:
Կարծախ գյուղի մանկապարտեզի շենքը կառուցվել է անցյալ տարի՝ 2017 թվականին, ու այս տարվա աշնանը գյուղացիները հույս ունեին, որ այն կսկսի գործել: Դրանում մեզ վստահեցնում էր նաև կարծախից Սարկրեբուլոյի պատգամավոր՝ Վարդան Պապոյանը: Սակայն, մանկապարտեզը դեռ չի բացվել: Պարզվում է, որ շենքում բացակայում էին ջեռուցման համակարգը և ջրմուղը: Այս պահին աշխատանքները տարվում են:
«Ջրմուղի անցկացումը նախատեսված չէր շինարարական նախագծում, մենք դրա համար նորից տենդեր անցկացրեցինք: Կահույքը պատվիրված է: Մնում է սառնարան և գազօջախ գնել », – ասաց Վարդան Պապոյանը:
Ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի համար տենդերը հայտարարվել էր սեպտեմբերի վերջին, և դրա համար հատկացվել էր 11 161 լարի: Տենդերը հաղթել է ՍՊԸ «Ալմե» ընկերությունը Ասպինձաից, որն էլ եղել է մրցույթի միակ մասնակիցը: Պայմանագրի վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 12-ն է:
Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, սառնարանը և գազօջախը պատրաստվում են գնել ուղղակի պայմանագրով, որի համար նրանք խնդրել են թույլտվություն:
«Որպեսզի մանկապարտեզի բացումը չուշանա, մենք ուզում ենք ուղղակի գնում կատարել, թե չէ մինչև մրցույթի ընթացակարգերն ավարտվեն տարին էլ կավարտվի», – ասաց Վալերի Ստելմաշովը:
Մանկապարտեզներում աշխատելու համար Մանկապարտեզների միությունը ստացել է մոտ 27 հայտ: Բոլոր դիմողներն էլ գյուղի բնակիչներն են:
«Արդյունքները դեռ հայտնի չեն, դրանք կլինեն 14 օրից, մենք դեռ չենք քննարկել: Ով բարձր միավորները ունի, նրան էլ կընդունենք: Առավելությունը բարձրագույն կրթությունն է համարվում, որ ունենան համապատասխան բարձրագույն կրթություն, իսկ եթե գյուղում նման մասնագետներ չկան, ապա մենք պարզապես նախընտրությունը կտանք բարձրագույն կրթություն ստացած մանկավարժներին », – ասաց Մանկապարտեզների միության տնօրեն Զարուհի Բարբարյանը:
Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար, սակայն, ըստ Զարուհի Բարբարյանի, առայժմ բացվելու է մեկ խումբ: Մանկապարտեզում կբացվի 7 հաստիք՝ մենեջեր, 2 դաստիրակ, բուժքույր, դայակ, 1 հաստիք, որը միավորում է պահակի և տնտեսվարի աշխատանքը և հնոցապան՝ ըստ պայմանագրի:
Շուշան Շիրինյան